11:03 | 06.07.20 | Նորություններ | 2008
Արտակարգ դրություն հայտարարվելուց ի վեր Թումոն անցավ հեռավար ուսուցման։
Վերջին 4 ամիսների ընթացքում Թումոյի թիմն առցանց հարթակ տեղափոխեց կրթական ծրագրի բոլոր բաղադրիչները. Թումո տնից ծրագրի շրջանակներում պատանիներն արդեն մասնակցում են ինքնուսուցման, առցանց դասընթացների, աշխատարանների, միջոցառումների, ինչպես նաեւ օգտվում են վերջերս գործարկված myTUMO մոբայլ հավելվածից։
Թումոյի 14 ոլորտներում իրականացվում են ոչ միայն դասընթացներ Թումոյի դասընթացավարների հետ, այլեւ աշխատարաններ շուրջ 50 միջազգային մասնագետների ղեկավարմամբ: Microsoft-ը, Facebook-ը, Google-ը, Կոլումբիայի համալսարանը եւ այլ առաջատար կազմակերպություններ ներկայացնող մասնագետներն աշխատում են ուսանողների հետ աշխարհի տարբեր անկյուններից` Արգենտինայից մինչեւ Ֆինլանդիա: Այս ընթացքում անցկացվող ավելի քան 400 դասընթացներին եւ աշխատարաններին միացել է շուրջ 10 հազ. մասնակից։
Ուսանողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ նրանց մեծամասնությունը հնարավորություն ունի միանալ առցանց դասընթացներին միայն սմարթֆոնով։ Նպատակ ունենալով ապահովել առավելագույն մատչելիություն եւ հասանելիություն` ստեղծվեցին դասընթացներ, որոնց ուսանողները կարող են մասնակցել ոչ միայն համակարգչով, այլեւ սմարթֆոնով: Արդեն երեք ամիս է՝ շաբաթը մեկ անգամ անցկացվում է Tumo Live առցանց միջոցառումների շարքը, որին մասնակցում են տեխնոլոգիաների եւ արվեստի փորձառու ու հանրահայտ մասնագետներ, այդ թվում՝ երաժիշտներ Սերժ Թանկյանը եւ Միշոն, տեխնոլոգիաների առաջատար Facebook-ի Oculus-ի ինժեներ Գալյա Հարությունյանը, ռուս հայտնի բլոգեր Իլյա Վարլամովը, Marvel-ի եւ DC-ի համար աշխատած կոմիքսների նկարիչ Դեն Փանոսյանը եւ այլք:
Համաճարակի հետեւանքով ստեղծված իրավիճակն առավել արդիական դարձրեց որոշ ընթացիկ ծրագրերի կարեւորությունը, օրինակ՝ գործարկվեց myTUMO մոբայլ հավելվածը։ Հավելվածը Թումոյի ուսանողներին հնարավորություն է տալիս հետեւել իրենց կրթական ընթացքին, կապի մեջ մտնել մարզչի հետ, գրանցվել դասընթացներին եւ այլն: Նշենք, որ այն թողարկումից մեկ օր հետո դարձավ կրթական կատեգորիայում Հայաստանում ամենաշատը ներբեռնված հավելվածը։
Շուտով նոր ձեւաչափով կմեկնարկի նաեւ Թումոյի ամառային ճամբարը։ Այս տարի ճամբարին կկարողանա մասնակցել Հայաստանի հեռավոր գյուղերում բնակվող մոտ 80 պատանի։ Իզմիրլյան հիմնադրամի, Վահան Քոլոլյանի, IGEFA հիմնադրամի, Լինդա Ազարյանի, AEF֊ի աջակցության շնորհիվ երկու շաբաթով նրանց տրամադրվելու են համակարգիչներ եւ Թումոյի առցանց դասընթացների մասնակցության հնարավորություն:
Չնայած աշխատանքային նոր պայմաններին՝ շարունակվում են Հայաաստանի եւ արտասահմանյան Թումո կենտրոնների շինարարական աշխատանքները․ դասերի վերսկսվելուն պես կբացվի նոր Թումո Գյումրին` թատրոնի պատմական շենքում, ավարտին են մոտենում Դիլիջանի կենտրոնի վերանորոգման եւ ընդլայնման աշխատանքները, իսկ Կողբի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում Գավառում եւ Բերդում Թումո տուփի գործարկման համար: Այն նախատեսված է լինելու փոքր համայնքների պատանիների համար, որտեղ նրանք անցնելու են ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների համար մեկնելու են Թումո Դիլիջան:
Արդեն այս տարի կբացվեն Մոսկվայի, Բեռլինի, Կիեւի եւ Տիրանայի Թումո կենտրոնները: Հատկանշական է, որ Թումո տնից ծրագիրը Հայաստանում գործարկելուց որոշ ժամանակ անց՝ հաշվի առնելով հաջողությունը, այն սկսեցին օգտագործել նաեւ Փարիզի եւ Բեյրութի կենտրոնները, իսկ Թումո Մոսկվան, դեռ շենքի շինարարական աշխատանքները չավարտած, արդեն սկսել է առցանց դասընթացները։
Հետեւելով ԿԳՍՄ նախարարության քայլերին եւ հաշվի առնելով ուսանողների անվտանգությունը՝ Թումոն, հավանաբար, իր դռները կբացի սեպտեմբերից, իսկ մինչ այդ թիմը դիտարկում է վիրտուալ եւ իրական բաղադրիչների համադրությամբ կրթական ծրագրի նոր ձեւաչափի հնարավորությունը։