10:55 | 23.06.20 | Նորություններ | 2909

ԱԲ և տվյալագիտություն, Քվանտային տեխնոլոգիաներ, Ռոբոտատեխնիկա գիտական մրցույթն ընդունում է հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է «Արհեստական բանականություն եւ տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ:

Մրցույթի արդյունքում 36 ամիս տեւողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն 3-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված եւ մրցութային կարգով ընտրված թեմաների իրականացման համար: Վերջնաժամկետը հուլիսի 24-ն է:

Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափը սահմանվել է մինչեւ 250 000 ՀՀ դրամ, խմբի ղեկավարը, վերջին 5 տարիների ընթացքում, տվյալ ուղղությամբ պետք է ունենա առնվազն մեկ գիտական հոդված ազդեցության գործակից ունեցող (ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների) ամսագրում կամ երկու գիտական հրապարակում «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրերում, խումբը պետք է ունենա տվյալ մասնագիտությունով օտարերկրյա գիտական կազմակերպությունում աշխատող գիտական խորհրդատու, որի Հիրշի ինդեքսը (h-index) պետք է լինի առնվազն 20՝ ըստ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների։

Նոր մրցույթի պայմաններով՝ խմբի անդամներից (ներառյալ ղեկավարը) առնվազն երկուսը պետք է լինեն մինչեւ 35 տարեկան: Թեմայի իրականացման 3 տարիների ընթացքում խմբի երիտասարդ անդամները առնվազն 15 օր պետք է գտնվեն խմբի խորհրդատուի գիտական կազմակերպությունում, առնվազն 15 օր էլ խորհրդատուն պետք է գտնվի Հայաստանում:

Թեմայի ավարտից հետո խմբի անդամները տվյալ ծրագրի շրջանակներում պետք է ունենան առնվազն երկու գիտական հոդված «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման առաջին կամ երկրորդ (Q1, Q2 quartile) քառորդում ընդգրկված ամսագրերում: Մանրամասները հասանելի են այստեղ: