11:43 | 11.06.20 | Նորություններ | 2336

2020թ. սկզբին Հայաստանում մոբայլ օգտատերերի 1,33%-ը բախվել է վնասաբեր ծրագրերի գրոհների

Հայաստանում 2020թ. հունվար-մարտ ամիսներին վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է մոբայլ սարքերի օգտատերերի 1,33%-ը։ Վրաստանի օգտատերերի շրջանում այդ ցուցանիշը կազմել է 1,58%, իսկ Ադրբեջանում այդ վնասաբեր ծրագրերը գրոհել են մոբայլ սարքերի օգտատերերի 2,68%-ին։

Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,16%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերիբաժինը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝3,12%:

Ընկերության լուծումները 2020թ. առաջին եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերում տեղադրման 1 152 662 վնասաբեր փաթեթ, որոնք նախատեսված են տվյալների գողության, գաղտնի հետեւելու, գովազդ ցույց տալու եւ հավելագրելու ու այլ անօրինական գործողությունների համար, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 905 174 փաթեթ։

Փորձագետները համարում են, որ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը եւ սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։

Անհրաժեշտ է նաեւ համակարգը եւ հավելվածները մշտապես նորացնել մինչեւ արդիական տարբերակներ եւ չանցնել ոչ վստահելի հղումներով եւ չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում եւ բրաուզերներում։ Եվ, իհարկե, բոլոր սպառնալիքներից լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը։