12:32 | 08.06.20 | Նորություններ | 9102

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ կլուծվի Լեռնավանում բնակվող Հակոբյանների բնակարանային խնդիրը

Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների ընտանիքը, որն ապրում է 27քմ մակերեսով վագոն-տնակում, ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում:

Համավարակը փոխել է աջակցության մեթոդները. շինհրապարակում կամավորական խմբեր չկան: Ծրագիրը, սակայն, ընթացքի մեջ է: Անշուք կացարանում ծնված ու երիտասարդության տարիներն անցկացրած տղան՝ Մանվելը, փորձում է իրականացնել ծնողների երազանքը եւ ավարտին հասցնել տարիների կիսակառույցը: Հայր եւ որդի համոզված են, որ արտաքին աշխարհի հետ ժամանակավոր սահմանափակումների ընթացքը կարող են շինարարությանը ծառայեցնել:

«Շատ դժվարություններ ենք հաղթահարել այս կացարանում: 90-ականներից այստեղ ենք ապրել: Ներսում ջուր եւ գազ չունենք, խոհանոց էլ չկա: Մի փոքրիկ հատված ենք հարմարեցրել, որն օգտագործում ենք միայն ամռանը. ձմռանն այնքան ցուրտ է, որ ամեն ինչ սառում է: Անունով խոհանոց է, բայց նպատակին չի ծառայում: Անձրեւներից ամբողջությամբ դեֆորմացվել է, առաստաղը պոկվել է եւ դուրսն ու ներսը չեն տարբերվում: Մենք 7 թոռնիկ ունենք: Երբ ամբողջ ընտանիքս հավաքվում է՝ ներսում կանգնելու տեղ չի մնում»,- ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:

Հանրապետության տարբեր մարզերում այս օրերին ընթանում են ակտիվ աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված ընտանիքները ոգեւորված են՝ տարիների երազանքն իրականացնելու հնարավորության համար: Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն էլ կարեւոր են համարում աջակցության թիրախն ու նպատակը: Վագոն-տնակներից եւ անբարենպաստ պայմաններից մարդկանց ազատելու որոշումն այս տարի տարածվելու է 37 ընտանիքի վրա: