14:33 | 14.05.20 | ստարտափներ | exclusive 15379

AI Language Wiz. արհեստական բանականությամբ օժտված զրուցակիցը կօգնի նոր լեզու սովորել

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ստարտափ ինկուբատորի շրջանավարտ AI Language Wiz ստարտափը մշակում է արհեստական բանականությամբ աշխատող օգնական-զրուցակցի, որը կօգնի խոսելու միջոցով նոր լեզու սովորել:

Ստարտափը Y Combinator-ի առցանց ստարտափ դպրոցի շրջանավարտ է: Թիմում ընդգրկված են Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Իրշատ Մադյարովը, ծրագրավորող Հակոբ Հակոբյանը եւ ՏՏ ընկերության սեփականատեր Էդվարդ Մանասյանը: Թիմին աջակցում են մի շարք խորհրդատուներ եւ ընկերներ:

Ստարտափի հիմնադիրները նշում են, որ սա լավ հնարավորություն է 24/7 ռեժիմով նոր լեզու սովորել՝ առանց ուսուցչին վճարելու:

EPIC ստարտափ ինկուբատորին դիմել պատրաստվող ստարտափներին թիմի անդամները խորհուրդ են տալիս մշտապես հետեւել եւ պարզել թիմի զարգացման գլխավոր ուղղությունները: Նրանց խոսքով, այդ ուղղությունները պարզելու հարցում իսկապես օգնում են փորձառու խորհրդատուները:

Առաջիկա մեկ տարում AI Language Wiz ստարտափը ծրագրում է գործարկել հավելվածը՝ ռուսախոս լսարանի համար։ Թիմի անդամների խոսքով, նպատակ ունեն հավելվածը դարձնել թիրախային լսարանի կողմից անգլերեն սովորելու համար օգտագործվող առաջատար հավելված: