11:58 | 12.05.20 | Նորություններ | 2393

Edutainment. նոր առցանց նախագիծը կբարձրացնի բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առցանց հարթակում մեկնարկում է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանրամատչելի կրթական ծրագիր, որը կոչվելու է «Edutainment»՝ «Անկաշկանդ ուսուցում»:

Ծրագրի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների եւ դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների եւ ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ եւ հմտություններ է հարկավոր ունենալ եւ ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար:

Edutainment-ը առավել նեղ մասնագիտական գիտելիքների հնարավորություն է ընձեռում դիտորդներին. թիրախային խմբում են դպրոցահասակից մեծահասակ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել բարձր տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ուղղությունների մասին եւ հետագայում առավել  խորքային գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել:

Առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 12-ին ժամը 19:00-ին, Early One ընկերության հիմնադիր Գեւորգ Սաֆարյանի հետ, ով կխոսի «Ներկա եւ ապագա պահանջված մասնագիտություններ» թեմայով: Բաց չթողնելու համար՝ HTI Armenia էջում բացված է նաեւ միջոցառում: 

Նախագծի շրջանակներում կներկայացվեն բազմաբնույթ թեմաներ բարձր տեխնոլոգիական ամենատարբեր ուղղությունների եւ մասնագիտությունների վերաբերյալ՝ առցանց փորձնակ լինելու (Internship) հնարավորություններից, ինչպես դառնալ QA  մասնագետ, մուտք գործել UI/UX-ի աշխարհ, AR/VR տեխնոլոգիաները ներկայացնելուց մինչեւ թվային մտածողություն, ինժեներական եւ ծրագրային ապահովում: 

Այս ամենը կմատուցեն ոլորտի ամենաճանաչված ու հաջողված ընկերությունների ղեկավարներն ու նրանց աշխատակիցները, տեխնոլոգիական ոլորտում ներգրավված գործող փորձագետներ: Իրենց գիտելիքներով, հաջողության բանաձեւով կկիսվեն այնպիսի անվանի եւ հաջողված ընկերությունների մասնագետներ, ինչպիսիք են Earlyone-ը, PicsArt-ը, Chessify-ը, RenderForest-ը, Volterman-ը եւ այլն:

Հնարավորինս պարզ եւ մատչելի կերպով ներկայացնելու համար որպես ձեւաչափ ընտրվել են տեղեկատվական բնույթի դասախոսությունները, որոնք ուղիղ կհեռարձակվեն ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ HTI Armenia: Ուղիղ եթերի վերջում փորձագետները կպատասխանեն նաեւ մեկնաբանություններում գրանցված հարցերին: Դասախոսությունները կտեւեն շուրջ 40 րոպե, իսկ հետագայում տեսանյութը կտեղադրվի նաեւ նախարարության յութուբյան ալիքում: