17:06 | 08.05.20 | Նորություններ | 8373

13 ստարտափ կներկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի հեռավար դեմո օրվա ընթացքում

Մայիսի 12-ին, ժամը 20:00-ին, տեղի կունենա Հայաստանի ստարտափ ակադեմիայի հինգերորդ շրջափուլի դեմո օրը։ COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս անգամ այն կկազմակերպվի հեռավար ձեւաչափով եւ կհեռարձակվի Facebook-ով եւ YouTube-ով։

Հայաստանի ստարտափ ակադեմիան նախաաքսելերացիոն ծրագիր է, որն օգնում է վաղ փուլերում գտնվող ստարտափներին ներդրումներ ներգրավել, ինչպես նաեւ մուտք գործել տարածաշրջանային եւ համաշխարհային առաջատար աքսելերատորներ: Ծրագիրը հարմարեցված է յուրաքանչյուր ստարտափի կարիքներին եւ ներառում է թիմերի հետ աշխատանք հաճախորդների զարգացման մեթոդոլոգիայով, մենթորություն, փիչինգ, սեմինարներ եւ քննարկումներ փորձառու ձեռներեցների հետ:

Ծրագրի հինգերորդ շրջափուլն իրականացվել է European Fund for Southeast Europe (EFSE) Entrepreneurship Academy (Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (ՀԵԵՀ) Ձեռնարկատիրության ակադեմիայի) աջակցությամբ՝ EU4Business նախաձեռնության ներքո։

Դեմո օրվա ընթացքում 13 ստարտափների հիմնադիրներ կներկայացնեն իրենց գաղափարները: Այս շրջափուլում ընդգրկված են եղել ստարտափներ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ մեդիա, առողջապահություն, տուրիզմ, հաղորդակցություն եւ այլն։ Այս շրջափուլի ստարտափ հիմնադիրների գրեթե 40%-ը կանայք են։ Ստարտափներից 8-ն իրենց գաղափարները հանրությանը ներկայացնելու են առաջին անգամ։

Հիմնադիրները իրենց ընկերությունները կներկայացնեն օնլայն հանդիսատեսին։ Վերջիններս կարող են հարցեր ուղղել Facebook-ի կամ Youtube-ի ալիքի մեկնաբանություններ դաշտում կամ Twitter-ում՝ նշելով այն թիմի անունը, որին ուղղված է հարցը (օրինակ՝ #ASAiBala)։ Ցանկացողները կարող են նաեւ կապ հաստատել անմիջապես հիմնադիրների հետ։ Վերջիններիս կոնտակտային տվյալները, ինչպես նաեւ ստարտափների մասին կարճ նկարագրությունները հասանելի են Ստարտափ Ակադեմիայի կայքում։

Նախորդ շրջափուլերի շրջանավարտներից մի քանիսը կկիսվեն իրենց առաջընթացով եւ ծրագրի ավարտից հետո ունեցած ձեռքբերումներով:

Շրջանավարտները միասին ներգրավել են ավելի քան 3 միլիոն եվրո՝ վենչուրային կապիտալի ֆինանսավորման եւ դրամաշնորհների ձեւով, հաղթանակներ են արձանագրել «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի եւ Index Ventures Tech Summit-ի շրջանակներում, ինչպես նաեւ կրթաթոշակներ են ստացել Դրեյփերի համալսարանում ուսանելու համար։

SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր Աշոտ Արզումանյանը նշում է. «Մենք ոգեշնչված ենք՝ տեսնելով ձեռներեցների նոր ալիքը, ովքեր միանում են Հայաստանի ստարտափ համայնքին: Սա հնարավոր է դառնում Եվրամիության շարունակական աջակցության, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային մենթորների համայնքի ակտիվ ներգրավվածության շնորհիվ»:

«Հաջողություն եմ մաղթում դեմո օրվա բոլոր մասնակիցներին։ Այս փուլին հասնելու համար նրանք շատ ջանք են թափել։ EFSE-ն հավատում է, որ hատկապես նման դժվարին պահերին այսպիսի ծրագրերը նպաստում են ձեռներեցության աճին՝ լավ գաղափարները կապելով անհրաժեշտ ռեսուրսներին»,- ընդգծում է EFSE Development Facility (ՀԵԵՀ զարգացման հիմնադրամի) նախագահ Մարկուս Ասչենդորֆը:

Նշենք, որ EFSE Entrepreneurship Academy (ՀԵԵՀ Ձեռնարկատիրության ակադեմիան) EFSE Development Facility (ՀԵԵՀ զարգացման հիմնադրամի) նախաձեռնությունն է։

Նախաաքսելերացիոն ծրագրի շրջանակներում, թիմերը անցնում են 12-շաբաթյա ինտենսիվ ծրագիր, որն իր մեջ ներառում է տարբեր ոլորտների առաջատար եւ պրոֆեսիոնալ մենթորների հետ աշխատանք, հաճախորդների զարգացման մեթոդոլոգիայի գործնական կիրառում եւ փիչինգ՝ ակադեմիայի թիմի օգնությամբ, ինչպես նաեւ շաբաթական սեմինարներ եւ քննարկումներ փորձառու ձեռներեցների հետ:

Այս շրջափուլի մասնակիցներն արդեն իսկ զգալի աճ են արձանագրել։ Մասնավորապես, նրանցից ոմանք ձեռք են բերել իրենց առաջին օգտատերերին կամ ընդլայնել են հաճախորդների թիվը, մյուսները փորձարկել են իրենց գաղափարները եւ ընտրել հստակ ուղղություններ։ Սրա հետ մեկտեղ, թիմերը ձեռք են բերել գիտելիքներ եւ հմտություններ շուկայի վերլուծության, ներդրումների ներգրավման, վաճառքի, մարքեթինգի, բիզնես մոդելի ձեւավորման, փիչինգի եւ այլնի վերաբերյալ:

Կիսվելով իր տպավորություններով՝ 5-րդ շրջափուլի մասնակից Dowork.ai ստարտափի հիմնադիր Մուշեղ Գեւորգյանը նշում է. «Բիզնեսի որոշիչ կողմերից մեկը գործընկերների, հաճախորդների եւ թիմակիցների հետ փոխհարաբերություններն են, եւ նոր հարաբերությունների ստեղծման լավագույն միջոցը արդեն գոյություն ունեցող ցանցերին միանալն է: Հայաստանի Ստարտափ Ակադեմիան հնարավորություն է տալիս մուտք ունենալ նման ցանցի»:

Դեմո օրվա մասին թարմացված տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրանցվել Eventbrite-ում այստեղ։ 5-րդ շրջանի մասին տեսանյութ-զեկույցը կարող եք տեսնել այստեղ: