11:21 | 21.04.20 | Հոդվածներ | exclusive 69796

COVID-19-ը եւ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը. Flux Technologies

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեխնոլոգիական ընկերությունները անցել են աշխատանքի հեռահար ռեժիմի: Itel.am-ը ոլորտի հայաստանյան ընկերությունների հետ զրույցում պարզում է գործունեության վրա համավարակի ազդեցությունը, հեռավար աշխատանքի կազմակերպման նրբությունները, դրական եւ բացասական կողմերը, եւ համավարակից հետո մեզ սպասող աշխարհի մասին նրանց պատկերացումները:

***

2015թ. հիմնադրված Flux Technologies տեխնոլոգիական ընկերությունը արդեն շուրջ մեկ ամիս անցել է աշխատանքի հեռավար ռեժիմի:

Ընկերության HR ղեկավար Անի Ռշտունին Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ հենց առաջին օրվանից թիմը կազմակերպված աշխատել է, ինչի արդյունքում գործը բացարձակ չի տուժել։

«Սկզբնական շրջանում, երբ դեռ ուսումնասիրում էինք 100% հեռավար աշխատանքի նրբությունները, փորձում գտնել մեր սեփական մեթոդաբանությունը, ավելի շատ խնդիրներ էինք սպասում։ Բացի բուն աշխատանքը, շատ կարեւոր էին այնպիսի առաջնային հարցեր, ինչպիսիք են մոտիվացիայի, կորպորատիվ մշակույթի պահպանումը, աշխատակիցների օրը ինչ-որ կերպ լցնելը, տեխնիկական ապահովումների ամբողջական տրամադրումը եւ այլն։ Խնդիրներին բավականին արագ լուծում տվեցինք, իսկ տեխնիկական մասով խնդիրներ չունեցանք․ աշխատանքներն իրենց հունով ընթանում են»,- նշում է նա:

Դրականի ու բացասականի մասին

Դրականն, իհարկե, ընտանիքի հետ անցկացրած ժամանակն է։ Հնարավորություն կա մի քիչ ավել հանգստանալու ու, ամենակարեւորը, խցանումներից խուսափելու: Դրական է նաեւ այն, որ բոլորիս մոտ էլ ժամանակ է ավելացել, որը կարող ենք օգտագործել ուսուցման ու ինքնազարգացման համար։ Մեր ընկերությունում այս կետին մեծ ուշադրություն ենք դարձնում։ Թիմին տրամադրել ենք անհրաժեշտ ռեսուրսներ՝ ազատ ժամանակը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար։ Ինքնազարգացման համար տրամադրում ենք հասանելի ու հետաքրքիր հղումներ, անընդհատ թարմացնում ենք դրանք։

Բացասականը, իհարկե, իրարից հեռու աշխատելն է։ Շատ-շատ ենք կարոտում մեր գրասենյակային առօրյան, իրական շփումը, անգամ օֆիսային թեթեւ աղմուկը:

Փոփոխված պլանների մասին

Իհարկե, վիրուսի տարածումը դադարեցրեց մի շարք պլանների իրականացումը, բայց այն նաեւ բացեց շատ հնարավորություններ։

Քանի որ ունենք սեփական ստարտափ պրոդուկտ, որը կապված է հենց հեռահար ուսուցման հետ (ինչն այդքան արդիական է այս փուլում), արձանագրեցինք էլ ավելի մեծ հետաքրքրություն հարթակի նկատմամբ։ Բացի այդ, նույնիսկ այս փուլում սկսել ենք աշխատել նոր նախագծերի վրա, թիմում ընդգրկել ենք նոր տաղանդներ։

Գործընկերների հետ կապ պահպանելու մասին

Հիմա, առավել քան երբեւէ, պահպանում ու փայփայում ենք մեր սովորույթները։ Flux Talk-երը, Flux Day-երը, ծնունդները եւ Flux Anniversary-ները տեղափոխել ենք վիրտուալ հարթակ։ Ընկերությունն էլ շարունակում է աշխատակիցներին զարմացնել ու ժպիտ պարգեւող անակնկալներ կազմակերպել՝ անգամ հեռակա տարբերակով։ Դեռ նոր էինք սկսել տնից աշխատել, երբ Ֆլաքսից ստացանք համեղագույն փաթեթներ՝ վիտամիններով, անհրաժեշտ նյութերով, իսկ երեխաների համար՝ խաղալիքներով։ Ամենատպավորիչ եւ հիշարժան հիշողությունը կմնա մեր գործընկերուհու առցանց հարսանիքը։

Կապի հիմնական միջոցը Slack-ն է։ Այստեղ ունենք նոր չանել՝ WFH, որտեղ կիսվում ենք ամենատարբեր ու ուրախ պատմություններով, հաճելի հիշողություններ արթնացնող Ֆլաքսական լուսանկարներով եւ կազմակերպում ենք չելենջներ։ Այս շրջանում շատ կարեւոր է պոզիտիվ տրամադրության պահպանումը, դրական էմոցիաներով օրը լցնելը։ Օգտագործում ենք տարբեր հարթակներ՝ թիմի հետ վիդեո տարբերակով շփվելու համար։

Նաեւ շարունակում ենք մեր թիմում ընդգրկել նոր տաղանդներ։ Google meet-ը օգտագործում ենք հենց այդ նպատակով։

Համավարակից հետո աշխատանքային պրոցեսի մասին

Վստահաբար այս ամենը դրական կանդրադառնա մեզ վրա՝ դարձնելով է՛լ ավելի միասնական, է՛լ ավելի համախմբված։ Կարծում ենք՝ կսկսենք ավելի գնահատել իրար հետ անցկացրած ժամանակը եւ ջերմությունը, մեր գրասենյակի ուրախ մթնոլորտը, հարմարավետությունն ու նարնջագույն երջանկությունը։

Հիշում եմ, երբ դեռ նոր հայտարարվեց աշխատանքը տնից կազմակերպելու մասին, մեր գործադիր տնօրենը վստահեցրեց, որ այս փորձությունը պատվով հաղթահարելու ենք։ Մեկ ամիս անց նա գնահատեց թիմի մեծ աշխատանքը եւ նշեց, որ հետագայում էլ, տարվա ընթացքում, կարող ենք ունենալ WFH-ը՝ որպես աշխատանքի կազմակերպման ընդունելի ձեւաչափ։

Տեխնոլոգիական աշխարհի փոփոխությունների մասին

Իհարկե, այս իրադարձությունները մեծապես ազդել են ՏՏ ոլորտի վրա։ Կարծում ենք, ազդեցությունը եղել է դրական, քանի որ հենց այս ոլորտի շնորհիվ մարդիկ այժմ ունեն հնարավորություն առցանց ուսում ստանալ, շփվել, գնումներ կատարել եւ այլն։

Այս ոլորտն այն միակներից էր, որտեղ աշխատանքը այս օրերին ավելի ակտիվացավ։ ՏՏ ընկերություններն էլ ավելի շատ են սկսել իրենց գործունեության ծավալներն ու նոր թափ են առել։

Կարծում ենք՝ այս միտումը կշարունակվի, թեկուզ հարաբերական դադարից հետո ոլորտը կրկին կշարունակի աճել էլ ավելի ագրեսիվ տեմպերով։

Նարինե Դանեղյան