10:34 | 20.04.20 | Նորություններ | 1526

ՀՀ նախագահի աշխատակազմը մի շարք մարզերում աշակերտներին համակարգիչներ է տրամադրել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ այս օրերին ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ եւ հեռավոր շրջանների, ինչպես նաեւ երկրաշարժից տուժած գոտու սոցիալապես ամենախոցելի եւ կարիքավոր խմբերը:

Աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով: Ներկա փուլն ընդհանուր առմամբ ընդգրկում է շուրջ 200 շահառու սոցիալական տարբեր խմբերից:

Այս պահին առաջնային են հեռավար կրթությանը մասնակցելու հնարավորություն չունեցող, հատկապես՝ սահմանամերձ համայնքների եւ սոցիալապես խոցելի խավերի երեխաները, բազմազավակ ընտանիքներն ու տարեցները:

Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Չորաթան, Այգեպար համայնքների կարիքավոր եւ զոհված զինծառայողների ընտանիքների երեխաներին տրամադրվել են համակարգիչներ։

Համակարգիչներ են տրամադրվել նաեւ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության 5 սաների եւ բազմազավակ 7 ընտանիքների:

Ծրագրում ընդգրկված են նաեւ մի խումբ բազմազավակ ընտանիքներ Երեւանից, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերից, որոնք ունեն 6-14 երեխա: Բոլոր շահառուներին հատկացվել են առաջին անհրաժեշտության պարագաներ եւ սնունդ: