12:24 | 16.04.20 | Նորություններ | 2094
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնում՝ Հայաստանի եւ Արցախի գյուղերի աշակերտներին անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով եւ ինտերնետ կապով ապահովելու նպատակով:
Հիմնադրամը մտահոգություն է հայտնել, որ հատկապես համավարակի այս օրերին գյուղաբնակ երեխաները չեն կարողանում ամբողջությամբ ներգրավվել կրթական գործընթացին: Տեխնիկական միջոցների եւ ինտերնետի բացակայությունը լուրջ խնդիր են դառնում այս երեխաների համար՝ մեծացնելով կրթական անհավասարությունը:
Դրամահավաքին կարելի է մասնակցել այստեղ:
«Դուք կարող եք օգնել, որպեսզի Հայաստանում եւ Արցախում թվային մեկուսացման մակարդակը նվազի։ Նվիրաբերելով 200 դոլար՝ Դուք կկարողանաք մեկ աշակերտին վերազինել տեխնիկական միջոցներով եւ ինտերնետ կապով: Մեր նպատակն է մինչեւ հունիսը 1 000 աշակերտի ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Անգամ վիրուսի նահանջից հետո, տեխնիկական անհավասարության խնդիրը մեր աշակերտների շրջանում պետք է բարձրաձայնվի: COVID-19-ը չի ստեղծել թվային մեկուսացումը, այն պարզապես խորացրել է առկա խնդիրը»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը:
Հիմնադրամը նպատակ ունի հաջորդ ուսումնական տարվանից յուրաքանչյուր աշակերտի տրամադրել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ: