10:27 | 07.04.20 | Նորություններ | 1778
Ապրիլի 9-12-ը տեղի կունենա «Գլոբալ Հաք» միջազգային առցանց ֆորումը, որի նպատակն է համախմբել համաշխարհային առաջատար մասնագետներին, մենթորներին եւ թիմերին՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի լուծումներ ստեղծելու եւ ապագայի համար կառուցողական լուծումներ առաջարկելու նպատակով։
Ֆորումը, որը կընթանա 48 ժամ անընդմեջ (non-stop online hacking), կազմակերպվում է Accelerate Estonia-ի, Garage48-ի եւ Guaana-ի կողմից՝ Devpost-ի աջակցությամբ եւ Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ։
Եվրահանձնաժողովի կողմից հաղթող թիմերին կհատկացվի մինչեւ 75 հազ. եվրո մրցանակային ֆոնդ։ Հանձնաժողովն իր ներդրումը կունենա նաեւ այլ խնդիրների լուծման գործում՝ ստարտափների, փոքր բիզնեսի եւ էլեկտրոնային առողջապահության ոլորտներում, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության կառաջնորդի կենսունակ լուծումներ գտնելու գործընթացում:
Ծրագրին կարող են մասնակցել ոլորտի փորձագետները, գիտնականները, տեխնոլոգիաներով հետաքրքրվողները, բիզնես ղեկավարները, մարկետինգային փորձագետները, ծրագրի ղեկավարները, դիզայներներն ու նորարարները՝ գրանցվելով այստեղ։
Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն հանդես գալու նաեւ որպես մենթոր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 8-ն է։