12:43 | 25.03.20 | Նորություններ | 2670

Մարզերի երիտասարդները կշարունակեն տեխնոլոգիական կրթություն ստանալ` հեռավար ուսուցմամբ

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ), որը տեխնոլոգիական կրթություն է տրամադրում Հայաստանի մարզերի երիտասարդներին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, իր դասընթացները տեղափոխում է առցանց միջավայր:

Հայաստանի մարզերում ԳՏՏԿ կարեւորագույն առաքելություններից է ապահովել ծրագրերի իրականացման արդյունավետ ընթացքը՝ նույնիսկ ֆորսմաժորային իրավիճակներում։ Կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, երկրում ստեղծված համաճարակային վիճակում անհրաժեշտություն առաջացավ մտածել դասընթացների կազմակերպման այլընտրանքային եղանակների մասին։ Արդյունքում՝ ԳՏՏԿ թիմը՝ փորձառու դասախոսների հետ միասին, ներդրել է հեռավար կրթության կազմակերպման մեթոդոլոգիան:

Այնպիսի հարթակների կիրառումն, ինչպիսիք են՝ Google Hangouts-ը եւ Webex-ը, կենտրոնի դասախոսներին հնարավորություն են ընձեռում անցկացնել դասընթացները՝ համապատասխան նախապես պլանավորված գրաֆիկի։

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հիմնական մարտահրավերը մարզերում տեխնիկական միջոցների բացակայությունն է եւ ինտերնետ կապի որակը: Ներկա փուլում սարքավորումների ինտենսիվ գույքագրում է իրականացվում՝ հասկանալու համակարգիչ կամ այլ տեխնիկական միջոցներ չունեցող ուսանողների քանակը»,- նշում է Ամալյա Եղոյանը, հավելելով, որ LinkedIn-ում վերջերս այս թեմայով իր գրառմանն ի պատասխան, մեծ թվով հայրենակիցներ պատրաստակամություն են հայտնել աջակցել տեխնիկայով ապահովման հարցում:

Նշենք, որ ԳՏՏԿ-ն Շիրակում, Վայոց ձորում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում կազմակերպում է ծրագրավորման կոմպլեքս դասընթացներ:

Մասնագիտական առարկաներից ուսանողներն ուսումնասիրում են նաեւ անգլերեն լեզու, ծրագրավորման հիմունքներ, դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմների տեսություն, տվյալների բազաներ։ Կենտրոնն իր շրջանավարտներին հնարավորություն է տալիս անցնել պրակտիկա ՏՏ լավագույն ընկերություններում, որը եւս` պայմանավորված ներկայիս իրավիճակով, կազմակերպվում է հեռավար։