16:52 | 02.03.20 | Նորություններ | 5708

Արբանյակային համակարգեր մշակող OneWeb-ը կգործակցի Հայաստանի հետ

OneWeb բրիտանական ընկերությունը $3,4 մլրդ է ներգրավել սեփական արբանյակային համակարգերի մշակման համար:

Ведомости-ի հետ զրույցում OneWeb-ի գործադիր տնօրեն Ադրիան Ստեկելն ասել է նաեւ, որ ընկերությունն աշխատելու թույլտվություն է ձեռք բերել Հայաստանում, Վրաստանում եւ Ղազախստանում:

«Մենք փոխըմբռնում ունենք Վրաստանի, Ղազախստանի եւ Հայաստանի հետ նաեւ այն պատճառով, քանի որ մեր համակարգը կարող է կարեւոր դեր խաղալ պետական ծրագրերի թվայնացման հարցում»,- նշել է Ստեկելը:

OneWeb-ի խոշորագույն ներդրողների թվում են հեռահաղորդակցության ճապոնական SoftBank կորպորոցիան, Qualcomm, Airbus ընկերությունները, Ռուանդայի կառավարությունը: Արբանյակների արտադրությամբ զբաղվում է Airbus OneWeb Satellites ընկերությունը, որը OneWeb-ի եւ Airbus-ի համատեղ նախաձեռնությունն է:

Ստեկելը նշել է, որ թեեւ արդեն $3,4 մլրդ ներդրում են ստացել, սակայն պատրաստվում են ավելացնել ներդրումների քանակը, որպեսզի ավարտեն արբանյակային համակարգի կառուցումը:

OneWeb-ի գործադիր տնօրենը հավելել է, որ մինչեւ 2021թ. երրորդ եռամսյակ տիեզերք կուղարկեն բոլոր արբանյակները: Կաշխատեն 588 արբանյակներ, որոշ մասն էլ պահեստային ռեժիմում կգտնվի:

Խոսելով թվայնացման մասին, Ադրիան Ստեկելն ընդգծել է, որ այն անհնար է այնտեղ, որտեղ չկա կապ, իսկ իր ընկերության գլխավոր նպատակը թվային ծածկույթի ընդլայնումն է: Միաժամանակ, ինտերնետի որակը, նրա խոսքով, ամենուր՝ անկախ աշխարհագրական դիրքից, կլինի բարձր:

OneWeb-ն իր առաջին 6 արբանյակները գործարկել է 2019թ. փետրվարի 28-ին՝ Ֆրանսիական Գվինեայում գտնվող տիեզերակայանից: 34 արբանյակ էլ տիեզերք է ուղարկվել Բայկանուր տիեզերակայանից՝ փետրվարի 7-ին: