14:31 | 25.02.20 | Նորություններ | 10077
Գյումրիում վագոն-տնակը լքել է եւս մեկ ընտանիք՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերն այս անգամ բնակարանամուտ են նշել Եդիգարյանների հետ:
2019-ին ընտանիքն ընդգրկվել է Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում։ Մի քանի ամիս տեւած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, ընտանիքի՝ տարիների երազանքն իրականություն է դարձել:
«Սա այն ծրագրերից է, որի արդյունքը գոհացնում է բոլորին. ընտանիքը հասնում է երազանքի իրականացմանը, իսկ աջակցող կազմակերպությունները՝ իրենց առջեւ դրած խնդրի լուծմանը: Ուրախ եմ արձանագրել, որ մետաղական վագոնն իր անհարմարությամբ այլեւս չի ճնշելու արդեն նախկին բնակիչներին: Ավելին, ծառայելու է կարեւոր նպատակի՝ այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար: Ուզում եմ հավատալ նաեւ, որ նոր ու լուսավոր տան մեջ այս ընտանիքը միայն անհոգ օրեր է անցկացնելու»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեր կազմակերպությունը Վիվա-ՄՏՍ-ի հետ համատեղ արդեն բազում տարիներ աջակցում է ընտանիքներին հաղթահարել աղքատությունը եւ դուրս գալ դժվարին սոցիալական պայմաններից։ Ճգնաժամը հաղթահարելու համար կարեւոր է, որ ընտանիքն ունենա սեփական՝ արժանավայել պայմաններով ապահովված տուն։ Եդիգարյաններն արժանի էին ունենալու այդպիսի պայմաններ։ Ուրախ եմ նրանց ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: