11:23 | 20.12.19 | Նորություններ | 3844

Արմեն Սարգսյան. Տեխնոլոգիաների ոլորտում պետք է լինենք ոչ թե սպառող, այլ առաջարկող երկիր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց եւ More for Metsamor («Ավելին` Մեծամորի համար») նախագծի շրջանակում հանդիպում ունեցել աշակերտների եւ քաղաքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից դպրոցում այս տարվա նոյեմբերից իրականացվող More for Metsamor նախագիծը դպրոցական կրթությանն աջակցող բազմաբաղադրիչ ծրագիր է: Այն նպատակ ունի դպրոց բերել նոր բովանդակություն՝ խրախուսելով աշակերտներին ուղղակիորեն ներգրավվել իրենց ապագայի ձեւավորման գործում: Նախագծի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, երեխաներն այցելում են նաեւ գիտատեխնոլոգիական հաստատություններ, ծանոթանում դրանց աշխատանքներին:

More for Metsamor կրթական նախագծի օպերատորը Մեդիամաքս մեդիա-ընկերությունն է իր Mediamax Plus հարթակով, որի նպատակն է աջակցել Հայաստանի կրթական, գիտական եւ մշակութային հաստատություններին:

photo © Մեդիամաքս


Խոսելով նոր տեխնոլոգիաների եւ դրանց դերի մասին, նախագահ Սարգսյանը նկատել է, որ 21-րդ դարում դրանք ուղղակի անհրաժեշտություն են:

«Ինչով էլ զբաղվեք այս կյանքում՝ նոր տեխնոլոգիաների հետ եք շփվելու, հետեւաբար պետք է գրագետ լինեք: Նույնը վերաբերում է նաեւ մեր երկրին: Ինչ-որ իմաստով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք սպառող երկիր են: Եթե ուզում ենք մեր երկիրը հաջողի, ապա պետք է ոչ թե սպառող լինենք, այլ առաջարկող: Կարող է շատերին թվալ, թե սա երազանք է, բայց մեր ժողովուրդը կարող է դա անել, որովհետեւ մենք բազմիցս ենք տեսել, որ հայկական ծագում ունեցող մարդիկ աշխարհի տարբեր երկրներում նոր տեխնոլոգիաների առաջնորդներ են:

Ինչո՞ւ նույն մարդիկ կամ նույն գենետիկ ծագում ունեցող մարդիկ չեն կարող լինել իրենց սեփական երկրում նոր տեխնոլոգիաների առաջնորդներ: Սկզբունքորեն կկարողանանք, եթե մենք բոլորս միասին որոշենք, որ այդ ոլորտը պետք է զարգացնենք: Դա մեկ հոգու, նախագահի, վարչապետի, նախարարի աշխատանքով չի ստացվի, որովհետեւ խնդիրը հսկայական է՝ Հայաստանը բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Մարդիկ կարող են զրոյից սկսել ու հասնել հաջողության: Դրա համար պետք է կարգապահություն, նպատակասլացություն, հստակ տեսլական, հստակ ծրագիր եւ համապատասխան փոփոխություններ»,- ընդգծել է նա:

Նախագահին հարց է ուղղվել նաեւ Հայաստանում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: Նախագահը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման եւ մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը: Նա ընդգծել է, որ երկիրը 21-րդ դարում մրցունակ դարձնելու համար մի շարք գործոններ են անհրաժեշտ, այդ թվում՝ կրթության բարձր մակարդակ, ազատ, իրենց ուժերի վրա վստահ երիտասարդներ: «Կարեւոր է Հայաստանը դարձնել մի վայր, որտեղ բացի լավ կրթությունից, ստարտափից, ներկա լինեն հայտնի միջազգային ընկերություններ, որոնք իրենց փորձով, գիտելիքներով կկիսվեն մեզ հետ»,-նշել է նախագահը:

Ներկայացնելով նախաձեռնության բաղադրիչները՝ նախագահը նշել է, որ այն ունենալու է նաեւ երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը», որտեղ ցանկացած երեխա կտեսնի, թե ապագան որտեղ է:

Արմեն Սարգսյանը հավելել է, որ փոքր երկիրը կարող է իր հնարավորությունների ու կարողությունների շնորհիվ ուժեղ ու առաջադեմ լինել: