11:15 | 13.12.19 | Նորություններ | 8342
Այս տարի չորրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Հայաստանում Beeline-ի աջակցությամբ։
Մրցանակաբաշխությունը միտված է գնահատելու հանրային կապերի ու հաղորդակցության ոլորտում կատարված աշխատանքը, միեւնույն ժամանակ բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները, ձեռքբերումներն ու մարտահրավերները։
Հայկական Փի Ար ասոցիացիան գիտական հետազոտության հենքով մեկ տարվա ընթացքում մշտադիտարկման է ենթարկել ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները: Ֆոկուս խմբերի, ընտրված փորձագետների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ իրականացվել են քննարկումներ եւ հարցումներ, որոնք ենթարկվել են որակական եւ քանակական վերլուծության: Հետազոտության արդյունքները ամփոփվելու են մրցանակաբաշխության ընթացքում:
«Հայկական Փի Ար ասոցիացիայի աչքից ոչինչ չի վրիպում՝ քաղաքականությունից մինչեւ բիզնես ոլորտ՝ կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվում գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը: Այս տարի հնարավորություն ենք ընձեռել, որ կառույցներն ազատորեն ներկայացնեն իրենց ծրագրերն ու իրականացրած նախաձեռնությունները. հանրային կապերի եւ հաղորդակցության ոլորտի մասնագետները եւս կարող էին ինքնաառաջադրվել»,- նշել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
«Մենք մեր ամենօրյա աշխատանքում ձգտում ենք ապահովել բացարձակ թափանցիկություն՝ մեր հասարակայնության հետ շփումների մեջ եւ չափազանց կարեւորում ենք այս ոլորտը։ Վստահ եմ, որ այս տեսակ հանդիպումներն ու հանրային կապերով զբաղվող մասնագետների աշխատանքի գնահատումը միայն դրական ազդեցություն կունենա մեր երկրի զարգացման համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հետազոտության վերջնական փուլում յուրաքանչյուր անվանակարգում առանձնացվում է լավագույն եռյակը: Վերջնական փուլում, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է հաղթողը:
Մասնագիտական հանձնաժողովը կազմված է տեղական եւ միջազգային պրոֆեսիոնալ մասնագետներից: Հանձնաժողովի նախագահն է հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, դոկտոր ՎազրիկԲազիլը, անդամներն են՝ Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման եւ հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye&Associates» ընկերության հիմնադիր), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի PR ղեկավար), Խաչիկ Գալստյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, PR մասնագետ), Ռուզաննա Իվանյանը (քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների եւ դիզայնի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի եւ մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ) եւ Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):
Հայկական PR մրցանակաբաշխություն 2019-ն իրականացվում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխության գործընկերն է Beeline Հայաստանը, աջակիցներն են՝ ՀԲԸՄ Հայաստան, Ռումորսմոնիթորինգ, Արլուպա, N Սվիթստուդիո, Հեքիմյան բենդը, Արմենիա Վայն։