15:04 | 04.12.19 | Նորություններ | 2337
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի ստարտափները նոյեմբերին մասնակցեցին երեք միջազգային համաժողովների, որտեղ հնարավորություն են ստացել իրենց բիզնես գաղափարները ներկայացնել անմիջապես ներդրողներին եւ ձեռք բերել բիզնեսի զարգացման համար կարեւոր ծանոթություններ։
QITCOM 2019 Ապահով խելացի քաղաքներ (29 Հոկտեմբեր – 1 Նոյեմբեր)
QITCOM 2019 Ապահով խելացի քաղաքներ համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրավերով՝ EasyDMARC-ի հիմնադիրները ներկայացրեցին իրենց լուծումը Ռուանդայի Բարձր տեխնոլոգիաների նախարարին։ AIM GovTech-ի մեկ այլ ստարտափ՝ CityBugs-ը, նույնպես մասնակցում էր միջոցառմանը։
WebSummit Լիսաբոն 2019 (4 -7 նոյեմբեր)
Հանդիսանալով նոյեմբերի 4-7 Լիսաբոնում տեղի ունեցած Web Summit 2019 համաժողովի գործընկեր` ՄԱԶԾ ImapctAIM թիմը՝ Climate Change Tech Accelerator vol. 2, Accelerator #5 եւ առաջին աքսելերացիոն ծրագրերից ընտրված 8 ստարտափների հետ մասին ներկայացված էր միջոցառման ցուցասրահում։
Աքսելերացիոն ծրագրերի ստարտափների հիմնադիրները հնարավորություն ունեցան մասնակցել Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովին, ներկա գտնվել միջազգային բանախոսների ելույթներին, ներկայացնել իրենց գաղափարները միջազգային ներդրողների եւ ձեռք բերել բիզնեսի զարգացման համար կարեւոր ծանոթություններ։
Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ով հանդես եկավ SDG Global Compact-ի Մեդիա տաղավարում՝ խոսելով այն մասին, թե ինչպես ուղղել տեխնոլոգիաների ներուժն ի նպաստ Կայուն զարգացման նպատակների եւ ինչպես է դա տեղի ունենում Հայաստանում՝ ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորի գործունեության արդյունքում։
SWITCH (11-15 նոյեմբեր)
ՄԱԶԾ ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի ստարտափները ներկայացան նաեւ Սինգապուրում նոյեմբերի 11-15-ը կայացած Նորարարության եւ տեխնոլոգիաների շաբաթ համաժողովի շրջանակներում։ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում էին AIM GovTech աքսելերատորի 2 ստարտափներ` էլեկտրոնային փոստի անվտանգության լուծումներ առաջարկող EasyDMARC-ն ու Expper Technologies ընկերությունը, որը ներկայացնում էր իր նորարական լուծումը՝ հիվանդանոցներում գտնվող երեխաներին ընկերակցող Robbin սոցիալական ռոբոտը։
Միջոցառման շրջանակներում easyDMARC-ի եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կիբերանվտանգության ոլորտի առաջատար HEAPSTECH ընկերության միջեւ համագործակցության պայմանագիր ստորագրվեց։