17:02 | 03.12.19 | Նորություններ | 8585
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակում լուծվել է Արարատի մարզի Մրգավետ գյուղում բնակվող Մհերյանների ընտանիքի բնակարանի խնդիրը:
Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը Մրգավետ գյուղ են այցելել՝ Մհերյանների հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:
«Երկար տարիներ գործադրված համառ, բայց անօգուտ ջանքերից հետո, մեր ընտանիքը վերջապես քարե տուն ունի: Տուն՝ բոլոր հարմարություններով. խոհանոց, սանհանգույց, մեծ ու լուսավոր սենյակներ։ Սա անհնարին թվացող երազանք էր մեր՝ մետաղական պատերի ներսում տարիներ շարունակ ապրող ընտանիքի համար: Անչափ շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Թեհմինան։
«Այսօր ուզում եմ խոսել այս ծրագրի՝ անչափ կարեւոր ձեռքբերումներից մեկի մասին: Բոլոր այն ընտանիքները, որոնք ապրել են վագոն-տնակներում, մեր համագործակցությամբ նոր բնակարան կառուցելուց անմիջապես հետո, ազատվել են ոչ միայն ծանր հիշողություններից, այլեւ ուղիղ իմաստով՝ երկաթյա վագոններից: Այսինքն, կա այն գիտակցությունը, որ վերադարձ չի լինելու, եւ ընտանիքն ինքն է քայլեր ձեռնարկում դա ապահովելու համար: Սա շատ լավ արդյունք է եւ տրամաբանորեն, հենց այդպես էլ պետք է լինի: Ուրախ եմ արձանագրել, որ մեզ՝ գործընկերներիս, հաջողվել է մարդկանց փոխանցել վաղվա օրվա լավատեսությունն ու վստահությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ընտանիքը 12 տարի ապրել է վագոն տնակում՝ երազելով մի օր ավարտել իր կիսակառույցի շինարարությունը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, ընտանիքը վերջապես կարող է վայելել սեփական հարմարավետ տունը, մեծացնել երեխաներին ավելի լավ, բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։ Ուրախ եմ այս ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 46 տուն։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից բնակարանաշինության ծրագրին հատկացվել է շուրջ 120 միլիոն դրամ։
Համագործակցության շնորհիվ աջակցություն է ստացել 208 ընտանիք: