12:27 | 18.11.19 | Նորություններ | 2714
Նոյեմբերի 15-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի թվայնացման օրակարգի եւ իրականացման տեսլականի վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, թվայնացումը ՀՀ կառավարության առաջադրած կարեւորագույն խնդիրներից է.
«Թվայնացումը մեծ հաշվով մեր քաղաքացիների կյանքի որակի եւ հանրային ծառայությունների մատուցման որակի կարեւորագույն բաղադրիչ է եւ մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող վիճակագրության եւ ընդհանրապես վիճակագրության որակի կարեւորագույն ցուցանիշ: Մենք պետք է քննարկենք, թե ինչպես ենք պատկերացնում այս խնդրի իրագործումը՝ այն կտրվածքով, որ կարեւոր է ոչ միայն այն, որ առանձին գերատեսչություններ եւ ծառայություններ թվայնացված լինեն, այլեւ շատ ավելի կարեւոր է, որ այդ թվայնացված համակարգերը փոխգործելի լինեն, այսինքն՝ մեկը մյուսի հետ աշխատեն:
Ցավոք, այսօր էլ Հայաստանում կան թվայնացված պլատֆորմեր, որոնք, սակայն, փոխգործակցության խնդիր ունեն, այսինքն՝ մի համակարգը մյուս համակարգի հետ չի կապվում, եւ տեղեկությունները համադրելու առումով պրոբլեմներ են առաջանում: Մենք որոշեցինք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կլինի այն պետական մարմինը, որը կսահմանի ստանդարտները, փոխգործելիության սկզբունքները, բանաձեւերը, եւ թվայնացումն ընդհանուր պետական համակարգում տեղի կունենա այդ տրամաբանության մեջ, այսինքն՝ ոլորտների թվայնացնումը պետք է այդ հեռանկարով լինի, որ համակարգերն իրար հետ աշխատեն:
Իհարկե, նաեւ պետք է փորձենք այնպես անել, որ մինչեւ հիմա թվայնացված համակարգերը կարողանանք ինտեգրել մեկը մյուսին: Սա բավական բարդ խնդիր է, ընդ որում՝ նույնքան կարեւոր է, որ թվայնացված եւ ինտեգրված համակարգերը լինեն օգտագործելի, այսինքն՝ դրանց մեջ մեզ անհրաժեշտ տեղեկությունների գեներացման, փնտրման, դասակարգման եւ մատուցման համակարգերը պետք է լինեն մատչելի եւ կիրառելի»,- ասել է վարչապետը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը զեկուցել է Հայաստանի թվայնացման օրակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նա նշել է, որ, մասնավորապես, կազմվել է ՀՀ 2020-2025 թթ. թվայնացման ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել կառավարության, տնտեսության եւ հասարակության թվային փոխակերպումը:
Նախարարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ պետական կառավարման համակարգի, մասնավոր հատվածի կողմից թվային տեխնոլոգիաների կիրառման մասին, անդրադարձել պետական համակարգում թվայնացման հետ կապված խնդիրներին եւ թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին: Հակոբ Արշակյանի խոսքով՝ ներկայում պետական կառավարման մարմիններում իրականացվում է գործող թվային համակարգերի, հարթակների կիրառելիության գույքագրման գործընթաց, որի նպատակը դրանց փոխգործելիության ապահովումն է:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական տեսլականը: Նշվել է, որ նախատեսվում է բարեփոխումներն իրականացնել հետեւյալ փուլերով՝ քաղաքականությունների մշակում եւ համակարգում, հանրային ծառայություն եւ մարդկանց ռեսուրսների կառավարում, պետական ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն եւ բարեվարքություն, ինստիտուցիոնալ եւ ֆունկցիոնալ արդիականացում: Արդյունքում ակնկալվում է ձեւավորել մրցունակ հանրային կառավարման համակարգ: Ներկայացվել են նաեւ Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ նախատեսվող ծրագրերը: