15:43 | 11.11.19 | Նորություններ | 10341
Այսօր Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում տեղի ունեցավ ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթը, որին մասնացկում էր շուրջ 40 թիմ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Բոսնիա եւ Հերցեգովինայից, Վրաստանից եւ Եթովպիայից։
Հայաստանում մրցույթն առաջին անգամ է կայացել՝ «Խելացի քաղաք» խորագրի ներքո։ Միջոցառման նպատակը ռոբոտաշինության, ծրագրավորման եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրության խրախուսումն ու հանրահռչակումն է, ռոբոտաշինության ոլորտի եւ ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:
«Ես այստեղ եմ՝ ներկայացնելու Եթովպիան։ Մեր թիմը տեխնիկական պատճառներով չի կարողացել ներկա գտնվել, սակայն իմ այստեղ լինելու նպատակը գործնական կապեր հաստատելն ու փորձի փոխանակումն է, քանի որ մոտ ապագայում մենք մեծ ցանկություն ունենք Եթովպիայում եւս կազմակերպել Robotex մրցույթն ու հրավիրել միջազգային թիմերի։ Միջոցառումը հետաքրքիր է ու գրավիչ, ուստի ուրախ եմ վերջինիս ներկա գտնվելու համար»,- նշել է «Finfinee Auroscope and Robotics International Institute»-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Էլիաս Յիրդոուն։
Ժյուրիի կազմում էին ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց շարքում են Արման Պողոսյանը (Instigate ընկերություն), Հրանտ Խաչատրյանը (Symotec ընկերություն), Արամ Կերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Հրաչյա Մակարյանը («Փուլ» ընկերություն), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Կառլ-Տանել Պաեսը (Robotex Armenia միջազգային միավորում) եւ Հայկ Զարգարյանը (Ucom)։
«Այսուհետ Հայաստանը հանդես կգա որպես ռոբոտաշինական մրցույթների կենտրոն եւ Robotex-ը Հայաստան հրավիրելով Միությունը կարեւոր քայլ է անում մեր երկիրն այդ ուղղությամբ ճանաչելի դարձնելու համար։ Հայաստանը ներկայացնող թիմերը գերազանցապես բաղկացած են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներից, ինչը խոսում է գործածվող տեխնոլոգիայի արդյունավետության մասին ու ոգեւորում է ոչ միայն մեզ, այլեւ մեր արտասահմանյան գործընկերներին»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան եւ մի շարք այլ երկրներ։
Առաջին մրցանակին արժանացել է Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոցի Digital Cloud թիմը, երկրորդ մրցանակին՝ Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի «Ադանա» թիմը, երրորդ մրցանակին՝ Իջեւանի թիվ 5 դպրոցի «Հանճար» թիմը։
Մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերությունը նորագույն սերնդի HTC Smartphone-ներ նվիրեց առաջին եւ երկրորդ տեղը գրաված թիմերի բոլոր անդամներին, անլար JBL ականջակալներ՝ երրորդ տեղը գրաված թիմի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Samsung եւ Huawei պլանշետներ հաղթած թիմերի խմբակավարներին։
«Ucom ընկերությունը տարիներ շարունակ հնարավորինս աջակցել է մարզերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացմանը, հովանավորել ճարտարագիտական մտածելակերպը զարգացնող բազմաթիվ մրցույթներ, հետեւել երկրի ներսում երիտասարդ մասնագետների աճին, ուրախացել խելացի սերնդի յուրաքանչյուր հաղթանակով ու ձեռքբերումով, խրախուսել ապագա ինժեներներին ու հորդորել պատանիներին լինել ստեղծող, այլ ոչ սպառող։ Այսօրվա մրցույթը եւս մեկ հնարավորություն էր կիսվելու փորձով, ձեռք բերելու գիտելիքներ ու նոր հմտություններ»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։