10:58 | 01.11.19 | Նորություններ | 7702

Amazon Web Services-ն առաջին անգամ Հայաստանում է

Ամերիաբանկի եւ Amazon Web Services-ի հետ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 30-ին կայացել է ScaleUp ինովացիոն ֆորումը:

Ոլորտի համար կարեւորագույն այս միջոցառմանը, որը նպաստել է ներկաների միջեւ նոր կապերի եւ համագործակցության ընդլայնմանը, մասնակցել են միջազգային հեղինակավոր ընկերությունների՝ Amazon Web Services-ի, VISA-ի, Middleware-ի, Softprom-ի, Mambu-ի փորձագետներ։

Ֆորումին ներկա են եղել ՏՏ, հեռահաղորդակցության եւ ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներ։

photo © Ամերիաբանկ

Միջոցառումը հագեցած էր տեխնոլոգիական զարգացումների եւ թվայնացման միտումներին նվիրված ելույթներով, որն ուղեկցվել է հարց ու պատասխանով եւ շարունակվել «Մարդկության ապագան թվայնացման դարում» պանելային քննարկումով։ Դրան մասնակցել են Ucom-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Amazon Web Services-ի տարածքային մենեջեր Վերանիկա Ռամանուսկայան, Mambu ընկերության տեխնոլոգիաների գծով տնօրեն Բեն Գոլդինը, PicsArt պրոդուկտի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը, Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը եւ բանկի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը:

Բանախոսները նշել են, որ այսօր արդեն տեսանելի են բազմաթիվ փոփոխություններ, որոնք տեխնոլոգիաները բերում են տարբեր ոլորտներ: Նրանք խոսել են այն մասին, թե տնտեսության տարբեր ճյուղերում որ տեխնոլոգիաներն առաջիկայում գերակա կլինեն, ինչ ռիսկեր եւ մարտահրավերներ են առկա նոր տեխնոլոգիաների ներդրման պարագայում, ինչ նոր հնարավորություններ են բացվում զարգացող շուկաների առաջ: Ի դեպ, պանելային քննարկումը Live հեռարձակվել է նաեւ բանկի ֆեյսբուքյան էջում:

photo © Ամերիաբանկ



«Ամերիաբանկ - Amazon համագործակցության ընթացքում հասկացանք, որ շատ լավ գաղափար է Amazon-ին հյուրընկալել Հայաստանում, քանի որ ցանկանում էինք համահունչ լինել հաջորդ սերնդի տեխնոլոգիական նորարարությունների հետ»,- նշել է Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:

Mambu ընկերության տեխնոլոգիաների գծով տնօրեն Բեն Գոլդինն էլ հանդես է եկել «Էկոհամակարգերի ուժը API տնտեսությունում» ելույթով: Լրագրողների հետ զրույցում նա իր ոգեւորությունն է հայտնել Հայաստանում նման ֆորումի անցկացման առիթով:

«Շատ ուրախ ենք կիսվել անձնական փորձով այն մասին, թե ինչպես են իրականացվում նորարարություններն աշխարհի այլ կետերում: Հայաստանը նորարարությունների ոլորտում իրեն հիանալի է դրսեւորում եւ այն հանգամանքը, որ այս ֆորումն իրականացվում է, նույնպես ցույց է տալիս, որ տեղական համայնքը լավն է»,- նշել է նա:

Softprom ընկերության ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն, ով հանդես է եկել «Վճարային քարտերի ոլորտի տվյալների անվտանգության չափանիշներին համաձայն ճարտարապետական կառուցվածքի ներդնում AWS-ում» ելույթով, պատմել է, որ Հայաստանում առկա է մեծ ներուժ եւ իրենք կվերադառնան նոր քննարկումներ եւ կապեր հաստատելու նպատակով:

photo © Ամերիաբանկ

Ամպային լուծումների բիզնեսի զարգացման գծով ղեկավար Օլեքսանդր Յենան էլ կարեւորել է ֆորումի ընթացքում փորձի փոխանակումն այլ ընկերությունների հետ.

«Փորձի փոխանակումը մեծապես նպաստում է նորարարության պրոցեսների արագացմանը: Առաջին անգամ է, որ Հայաստանում եմ եւ մինչ այցս կարծում էի, որ ամպային տեխնոլոգիաները եւ ընդհանրապես նորարարությունն այստեղ այնքան զարգացած չեն: Սակայն իսկապես տպավորված եմ այն ամենով ինչ տեսա այստեղ»:

Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանի խոսքով՝ ֆորումի գաղափարը ծագել է Amazon Web Services-ի հետ նեղ պրոդուկտի շուրջ ստեղծված համագործակցության շրջանակում:

«Մտածեցինք, որ պետք է կիսվել փորձով, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը: Այն նաեւ տեղական ընկերություններին նոր ծառայությունների ներդրման ավելի լայն շրջանակ կտրամադրի: Սա հնարավորություն է Հայաստանի ՏՏ, հեռահաղորդակցության, ֆինանսական սեկտորի ներկայացուցիչների համար ծանոթանալ մեր հյուրերի հետ, փոխանակվել կոնտակտներով, կիսվել գաղափարներով, նոր նախագծեր գործարկել, ինչը միայն սկիզբն է եւ հույսով ենք, շարունակություն կունենա»,- նշել է Գրիգոր Դավթյանը: