16:54 | 18.10.19 | Նորություններ | 2567
Հոկտեմբերի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դոնոր-համակարգման հանդիպում, որի նպատակն էր ընդգծել Հայաստանի տնտեսության զարգացման վրա գիտության եւ ինովացիաների ազդեցության հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա էին պետական կառույցների, դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) եւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն եւ այդ նպատակով ներդրումային բարենպաստ միջավայր եւ առաջադեմ ինովացիոն էկոհամակարգ ձեւավորելուն: Նա հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի այնպիսի նախապայմաններ ստեղծել, որ Հայաստանը պատրաստ լինի կլանել առաջադեմ գլոբալ գիտելիքը, տնտեսությունն ի վիճակի լինի տեղափոխվել տեխնոլոգիական հաջորդ մակարդակ, ինչի շնորհիվ երկիրը կդառնա բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ արտադրող ու արտահանող երկիր:
Հանդիպմանը քննարկվել է կառավարության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագիր, որն իրագործվելու է FAST-ի հետ փոխգործակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել տարածաշրջանում նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը։
Նախագծի իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի ռազմավարական զարգացման համար՝ ազգային անվտանգության, գիտության եւ կրթության ու գյուղատնտեսության ոլորտների առաջխաղացման տեսանկյունից: