16:00 | 09.10.19 | Նորություններ | 4688

ԴիջիՔաղաք` տեխնոլոգիական նոր նախագիծ Digitain-ից

WCIT 2019-ի շրջանակներում Digitain-ն ազդարարել է իր նոր նախագծի սկիզբը՝ ԴիջիՔաղաք, որը նախատեսում է տրամադրել աշխատանքային տարածք միջազգային եւ տեղական ստարտափներին, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում գործող այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են իրենց բիզնեսը զարգացնել մեր տարածաշրջանում։

ԴիջիՔաղաքի նպատակն է ստեղծել հեռանկարներ՝ բիզնես ձեռնարկությունների, կրթական օջախների և ներդրողների փոխգործակցությունը խթանելու համար:

Ծրագրի համակարգողներից Մարիամ Փաշինյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ ծրագիրը կնպաստի Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

Նրա խոսքով, Իսակովի պողոտայում արդեն իսկ կառուցված է Digitain-ի նոր շենքը, որտեղ մինչեւ դեկտեմբեր կտեղափոխվի կազմակերպության ողջ անձնակազմը։ Այդ շենքին կից կկառուցվի ԴիջիՔաղաքը՝ նախատեսված մոտ երեք հազար մարդու համար։ Այն պատրաստ կլինի երեք տարվա ընթացքում։

«Կան շատ երիտասարդներ, որոնք ունեն լավ գաղափարներ Հայաստանում եւ արտերկրում, բայց չունեն ռեսուրսներ այդ գաղափարներն իրագործելու համար։ Այս նախագիծը թույլ կտա ոչ միայն նպաստել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը եւ միջազգային ներդրումներ ներգրավել, այլեւ օգնել շատ երիտասարդների դուրս գալ միջազգային շուկա»,- նշել է Մարիամ Փաշինյանը:

ԴիջիՔաղաքը հանդես կգա որպես հարթակ, աքսելերատոր և ինկուբատոր։ Առաջին տարվա համար տարածքները կտրամադրվեն անվարձահատույց: