13:08 | 24.09.19 | Նորություններ | 2857

Դրեյփեր համալսարանը Հայաստանում կրթական ծրագրեր կիրականացնի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սիլիկոնյան հովիտ, որտեղ հանդիպել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների եւ քննարկել համագործակցության հեռանկարները։

Այցը մեկնարկել է աշխատանքային ճաշով՝ Դրեյփեր համալսարանի հիմնադիրներ Թիմ եւ Բիլ Դրեյփերների հետ, որի շրջանակում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ծավալման ու զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Դրեյփեր համալսարանի միջեւ։ Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ կրթական ծրագրեր իրականացնել տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու եւ վերապատրաստելու ուղղությամբ։


Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար NVidia ընկերությունն էր, որը մասնագիտացած է համակարգչային գրաֆիկաների մշակման ոլորտում:

Հայաստանի վարչապետին եւ նրա տիկնոջը դիմավորել է ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։ NVidia-ի կենտրոնակայանում եւ ցուցասրահներով շրջայցի ընթացքում Ջենսեն Հուանգը ՀՀ վարչապետին է ներկայացրել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ծրագրերը, համակարգչային գրաֆիկաների մշակման գործընթացը, դրա շրջանակում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները։