10:43 | 06.09.19 | Նորություններ | 2046

«ՆերՈւժ» ստարտափ ծրագիրը կանցկացվի դեկտեմբերին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի միջեւ սեպտեմբերի 5-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Զարեհ Սինանյանը նշել է, որ ծրագրի նպատակն է խթանելու հայրենադարձությանը, նպաստելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական սփյուռքի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, եւ այս տարի հիմնական շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիական ոլորտի վրա:

Նախարար Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ նախարարությունը ստեղծվել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, ինչպես նաեւ թվայնացման եւ ռազմաարդյունաբերության զարգացման համար:

«Այս ծրագրով մենք, ըստ էության, եւս մեկ քար ենք դնում «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման գործում: Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակ կա, եւ սա ապահովելու համար մենք ունենք մրցակցային առավելություն՝ հայկական սփյուռքի հայրենակիցների գոյությունը եւ աջակցությունը»,- նշել է նա:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «ՆերՈւժ» ծրագիրը կնպաստի նախարարության գլխավոր նպատակներից մեկին՝ տաղանդի արտահոսքը կանխելուն եւ ներհոսքը խթանելուն։

«ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրն այս տարի դեկտեմբերին կանցկացվի 2-րդ անգամ՝ յուրահատուկ հարթակ դառնալով Հայաստանի եւ Սփյուռքի ստարտափների համագործակցության, կայացման եւ կապերի ստեղծման համար։

Ծրագրի մեկնարկը տրվել է անցած տարի։ Մասնակցել են 27 երկրների 71 ստարտափ գաղափար ներկայացնող 127 մասնակիցներ։ Հաղթող են ճանաչվել 9 ստարտափներ՝ ստանալով դրամաշնորհներ։