17:50 | 19.08.19 | Նորություններ | 4109

Innovities. Նոր հարթակը թույլ կտա գեներացնել եւ վաճառել գաղափարներ

Innovities նորաստեղծ առցանց հարթակը հնարավորություն է տալիս անհատներին (գաղափար գեներացնողներին) վաճառել կամ առաջարկել իրենց գաղափարները այն կազմակերպություններին, որոնք նոր լուծումների կարիք ունեն:

Առաջարկները կարող են նաեւ վերաբերվել կազմակերպության կամ տվյալ ոլորտում առկա լուծումների բարելավմանը:

Itel.am-ի հետ զրույցում հարթակի հիմնադիր Միհրան Բաբայանը տեղեկացրել է, որ
հարթակում գաղափարները հնարավոր է ներկայացնել 2 տարբերակով.

- գաղափարի նկարագրի կարճ տարբերակ (3-4 նախադասություն), որը հասանելի է բոլոր գրանցված օգտատերերին,

-  գաղափարի նկարագրի ամբողջական տարբերակ (մանրամասն տվյալներ, իրականացված (կամ հասանելի) հետազոտություններ, գաղափարի վերաբերյալ նկարներ/տեսանյութեր):

«Ամեն օր, նույնիսկ ամեն ժամ հազարավոր նորարարական գաղափարներ են ծնվում, բայց խնդիրը նրանումն է, որ այդ գաղափարների նույնիսկ 1%-ը չեն իրականանում, քանի որ հեշտ չէ գտնել այն կազմակերպությանը կամ ոլորտում «որոշում կայացնողին», ում պետք է հասցեագրել գաղափարը: Մյուս կողմից, կան մեծ թվով կազմակերպություններ, որոնք փնտրում են թարմ գաղափարներ, բայց ունեն սահմանափակ ռեսուրսներ, կամ չգիտեն՝ որտեղ կարող են գտնել նմանատիպ գաղափարներ: Այսպիսի խնդիրներին առնչվելով եւ շուկայի ուսումնասիրություններ անցկացնելով՝ հասկացանք, որ հարկավոր է ստեղծել մի հարթակ, որը կօգնի նորարարական լուծումներ ունեցող օգտատերերին եւ կազմակերպություններին՝ գտնել իրար»,- շեշտել է Միհրան Բաբայանը:  

Նրա խոսքով, գաղափարի ամբողջական տարբերակը հասանելի է լինում կազմակերպություններին՝ միայն գաղափարը գեներացնողի հաստատումից եւ տեղեկատվության գաղտնիության մասին երկկողմ պայմանագիր կնքելուց հետո:

Ըստ կնքված պայմանագրի՝ կազմակերպությանն արգելվում է (գաղափարի նկարագրության ամբողջական տարբերակին հասանելիություն ունենալուց հետո) օգտագործել կամ տարածել գաղափարը, եթե գաղափարն առաջարկողը չի վճարվել դրա դիմաց: Այս քայլով նվազագույնի են հասցվում գաղափար «գողանալու» ռիսկերը:

Գաղափարի առաջարկը կարող է ուղարկվել կամ հարթակում գրանցված կոնկրետ կազմակերպության, կամ օգտատերը կարող է սպասել՝ գաղափարով հետաքրքրված կազմակերպությունների արձագանքներին:

Կազմակերպությունների համար հարթակն աշխատում է հետեւյալ կերպ. հարթակում կորպորատիվ էջ ստեղծելուց եւ կազմակերպության մասին տեղեկություններն ավելացնելուց հետո՝ լրացվում է, թե որ ոլորտներին առնչվող նորարարական գաղափարներն են հետաքրքրում իրենց, ինչից հետո կարող են կամ հարցում ուղարկել այն գաղափար առաջարկողին, ում գաղափարն առավել շատ է իրենց հետաքրքրել, կամ սպասել՝ մինչեւ գաղափար գեներացնողները հետաքրքրվածություն կցուցաբերեն եւ իրենց նախաձեռնությամբ գաղափարները կառաջարկեն ուղղակիորեն տվյալ կազմակերպությանը:

Նարինե Դանեղյան