15:38 | 14.08.19 | Նորություններ | 4476
Խելացի տների համակարգերը խոցելի են, եւ գոյություն ունեն դրանք «գրավելու» բազմաթիվ եղանակներ։ Նման եզրակացության են հանգել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները՝ հիմնվելով սեփական եւ կողմնակի հետազոտությունների արդյունքների վրա։
Օրինակ՝ Fibaro ընկերության խելացի տան համակարգը ցանկացածին թույլ է տալիս ներբեռնել եւ ամպային սերվեր վերբեռնել կոնտրոլերի ծրագրային միջուկի պահուստային կրկնօրինակները. կոնտրոլերը կառավարում է մնացած բոլոր սարքերը՝ թերմոստատները, սրճեփները, հսկման համակարգերը։ Եթե չարագործը ներբեռնի Fibaro-ի ամպում պահվող ընդհանրապես բոլոր պահուստային կրկնօրինակները, ապա կարող է գուշակել սարքերի պարզ եւ հաճախ հանդիպող գաղտնաբառերը։
Թափանցելով ադմինիստրատորի պանել՝ նա կօգտագործի խոցելիություններից մեկը, որը թույլ է տալիս հեռավար կոդ գործարկել եւ ստանալ համակարգի գերօգտատիրոջ իրավունքներ ու տանն անել սրտի ուզածը։ Այդ իրավունքները կարելի է ստանալ նաեւ բեքապի վնասաբեր պատճենն ստեղծելով ՝ այն սերվեր վերբեռնելով եւ համոզելով, որ զոհը տեղադրի «թարմացումը»։ Դա կարելի է անել Fibaro-ի հաղորդագրությունը նմանակելու միջոցով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները խոցելիությունների մասին պատմել են Fibaro-ի մշակողներին, եւ նրանք օպերատիվ կերպով շտկել են դրանք. այնպես որ գրոհների նկարագրված սցենարներն այլեւս չեն աշխատում։
Խելացի տան Nest համակարգում նախատեսված են պարամետրեր, որոնք ընդհանուր են հսկողության համակարգերի եւ ավելի քիչ պաշտպանված սարքերի համար։ Այդ պարամետրերի արժեքները գրանցվում են միասնական պահուստարանում։ Դրանց հասանելիություն ունեն բոլոր սարքերը, որոնց այդ պարամետրերն անհրաժեշտ են աշխատանքի համար։ Եվ հաճախ ինչ-որ անջատիչ կամ թերմոստատ կարող է ոչ միայն ընթերցել իրեն հետաքրքրող արժեքները, այլեւ փոփոխել դրանք։ «Տանն է/տնից դուրս» ռեժիմների կառավարման թույլտվություն ունեն Nest հարթակի հետ համատեղելի մի քանի սարքեր, որոնցից է Kasa անջատիչը։ Դրա հավելվածը ստուգում է հավաստագրի իսկությունը, եւ եթե այն իսկական է, սերվերին գաղտնի ուղարկում է տոկեն՝ տեղեկատվություն, ըստ որի այն ճանաչում է տանտիրոջը։ Եվ հավելվածը վստահել է ցանկացած հավաստագրի, որը կարելի է ցույց տալ սերվերին, եթե տանտերը միանում էր հանրային Wi-Fi-ին, եւ մտնելով նույն ցանց, չարագործը ձեռք էր գցում միացումը եւ հավելվածին ցույց էր տալիս SSL-հավաստագիրը։
Ցանցահենը հենց սրճարանից հայտնում էր անջատիչին, որ տերը վերադարձել է, տեսահսկման խցիկն ընթերցում էր «տանն է» պարամետրը եւ դադարեցնում տեսագրումը, ինչից հետո հանցագործը կամ նրա հանցակիցները կարող էին աննկատ տուն թափանցել։ Kasa-ի մշակողները նույնպես շտկել են խոցելիությունն այն բանից հետո, երբ նրանց են դիմել հետազոտողները։
Լուսավորման համակարգերի համար նախատեսված Philips Hue-ում խելացի տանը միանալու համար յուրաքանչյուր ծրագիր տիրոջը թույլտվության հարցում է կատարում։ Այդ թույլտվությունը կարելի է տալ՝ սեղմելով կառավարման բլոկի ֆիզիկական կոճակը. բլոկի միջոցով Hue սարքերը փոխգործակցում են միմյանց հետ։ Այդ կոճակը կարող է սեղմել ոչ միայն օգտատերը, այլեւ ցանկացած ծրագիր, որն արդեն միացած է Hue-ին։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները նշում են, որ համակարգի «ուղեղը» որոշում է, թե գործել է արդյոք կոճակն ըստ կառավարման բլոկի պարամետրերից մեկի արժեքի։ Հենց այդ արժեքն էլ կարող են փոփոխել հավելվածները։ Այնպես որ, հարթակ մուտք ունեցող մեկ անբարեհույս ծրագիրը ի զորու է անվերահսկելի կերպով թույլտվություն տրամադրել այլ ծրագրերի, եւ նույնիսկ ավելին՝ նույն պարամետրի օգնությամբ կարելի է անջատել ավելի վաղ միացված բաղադրիչները։
«Խելացի տան կոտրանքի ռիսկը կարելի է նվազեցնել, եթե համակարգը գնելուց առաջ ուշադրություն դարձվի, թե արտադրողն ինչպես է արձագանքում հայտնաբերվող խոցելիություններին։ Եթե ընկերությունը պատասխանատու կերպով է վերաբերվում հետազոտողների կողմից հայտնաբերված խնդիրներին եւ արագ վերացնում է դրանք, դա լավ նշան է։ Պետք է ժամանակին տեղադրել արտադրողների թողարկած թարմացումները, ինչպես նաեւ սարքերը եւ կառավարման պանելները պաշտպանել երկար ունիկալ գաղտնաբառերով։ Այդ դեպքում չարագործը չի կարողանա գտնել տան «բանալին»։ Հարկ է ճիշտ կարգավորել տնային անլար ցանցը, ծրագրերը ներբեռնել միայն պաշտոնական աղբյուրներից եւ դրանց տալ միայն անհրաժեշտ թույլտվություններ, ինչպես նաեւ հանրային Wi-Fi-ին միանալիս օգտագործել պաշտպանված միացում՝ VPN»,- նշել են «Կասպերսկի»-ում: