11:43 | 06.08.19 | Նորություններ | 3539
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է, որ մինչեւ 2050թ. Հայաստանը պետք է ունենա $10 մլրդ արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազ. աշխատող ստարտափ։
Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկրի վերածելու տեսլականն անհնար է առանց հայաստանյան եւ Սփյուռքի ներդրումների, եւ Հայաստանը հայկական ներդրումների թիվ մեկ ուղղություն դարձնելը պետք է դառնա համահայկական օրակարգի հաջորդ կարեւորագույն թեմաներից մեկը։
«Ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարությունը պետք է ձեւակերպի ռազմավարական նպատակները, սահմանի առաջնահերթությունները, ձեւակերպի եւ հասանելի դարձնի գործիքակազմերը եւ այդ նպատակների իրագործման առաջնորդությունները պատվիրակի փոքր եւ միջին ձեռնարկատերերին, ստարտափներին եւ կրեատիվ թիմերին, խոշոր եւ ինստիտուցիոնալ ներդրողներին ու նրանց գործունեության համար արդար, հավասար եւ օրինական դաշտ ստեղծի։
Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը մի համահայկական առաքելություն է, որ պիտի համակի բոլորիս։ Դպրոցական նստարանից մենք պետք է մեր երեխաներին տոգորենք հզոր եւ զարգացած երկրի քաղաքացի լինելու առաքելությամբ, այնպիսի երկրի քաղաքացի, որտեղ առաջնորդությունն արտոնություն կամ մենաշնորհ չէ, այլ աշխատանքի բաժանում, եւ մեզնից յուրաքանչյուրը կրթությամբ, ինտելեկտուալ մակարդակով, նվիրվածությամբ ու հմտություններով պետք է կարողանա իրականացնել առաջնորդության իր բաժինը, որտեղ յուրաքանչյուր անհատական շահ հավասարակշռված է հանրային, ազգային եւ պետական շահի գիտակցությամբ ու համամասնությամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: