16:37 | 18.07.19 | Նորություններ | 2893

FaceApp-ի ստեղծողները պատասխանում են մեղադրանքներին

Վերջին շրջանում մեծ տարածում գտած FaceApp հավելվածը, որը մի շարք գործառույթների շարքում թույլ է տալիս ալգորիթմի միջոցով երիտասարդացնել կամ ծերացնել լուսանկարում պատկերված մարդու արտաքինը, մեղադրվում է օգտատերերի տվյալներն այլ անձանց տրամադրելու մեջ:

Մեղադրանքներ են հնչում, որ հավելվածը չի տեղեկացրել օգտատերերին, որ լուսանկարի մշակումը կատարվում է առանձին սերվերում: Բացի դա, նշվում է, որ FaceApp-ը կարող է մշակման համար լուսանկարներ օգտագործել հեռախոսի պատկերասրահից, նույնիսկ եթե կարգավորումներում լուսանկարներին հասանելիության արգելք է դրված: Նաեւ առկա է մտավախություն, որ հավելվածի մշակողները ստացված տեղեկատվությունը երրորդ կողմին են տրամադրում:

FaceApp-ն այսպես է արձագանքել մեղադրանքներին:

1. Լուսանկարի մշակումն իրականացվում է ամպային համակարգում՝ Amazon Web Services-ի եւ Google Cloud-ի միջոցով: Ներբեռնվում է միայն օգտատիրոջ կողմից ընտրված ֆայլը:

2. Ներբեռնված լուսանկարը կշարունակի պահվել ամպերում, որպեսզի օգտատերը ստիպված չլինի այն նորից ներբեռնել: Միաժամանակ, նշվում է, որ լուսանկարների մեծ մասը ջնջվում է 48 ժամի ընթացքում:

3. Հավելվածը թույլ է տալիս օգտատերերին հայտեր ուղարկել՝ ինֆորմացիան ջնջելու պահանջով:

4. FaceApp-ի բոլոր գործառույթները կարելի է օգտագործել առանց համակարգ մուտք գործելու: Օգտատերերի 99 տոկոսը մուտք չի գործում համակարգ, հետեւաբար հավելվածը չի տիրապետում տվյալների, որոնք կարող են տանել դեպի նույնականացում:

5. FaceApp-ի հիմնադիրները որեւէ ինֆորմացիա չեն վաճառում կամ տրամադրում երրորդ անձանց:

6. Չնայած նրան, որ հետազոտական եւ մշակումներով զբաղվող թիմը գտնվում է Ռուսաստանում, սակայն օգտատիրոջ տվյալները չեն փոխանցվում Ռուսաստանին: