15:48 | 02.07.19 | Նորություններ | 2041

Արմեն Սարգսյանը խոսել է ՀՀ-ի եւ Բելառուսի միջեւ տեխնոլոգիական փոխգործակցության մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի պետական համալսարանում հայտարարել է, որ Հայաստանն ու Բելառուսը գիտության, կրթության եւ տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ ունեն:

Նշելով, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը արագ տեմպերով զարգանում է, նախագահը նկատել է, որ տեխնոլոգիաների զարգացման բնագավառում Բելառուսի փորձը կարող է հետաքրքիր ու օգտակար լինել։

«Այսօր ես այցելեցի Բարձր տեխնոլոգիաների պարկ, որը բավականին տպավորիչ էր։ Մեր ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության։ Գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն առանց կրթության չի կարող լինել»,-ասել է նախագահը։

Նշելով, որ ամբողջությամբ սատարում է երկու երկրների կրթական գերատեսչությունների միջեւ համագործակցությանը, Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ նախագահական նախաձեռնությունների, մասնավորապես գիտական, ինժեներական եւ տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին եւ նշել, որ ուրախ կլինի այդ ձեւաչափում նույնպես համագործակցել բելառուսական ընկերությունների հետ։

Նախարար Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության եւ գիտության ոլորտներում ձեւավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել կապերը նշված բնագավառներում։