16:41 | 21.06.19 | Նորություններ | 2390
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցելության շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ ֆրանսիական հանրահայտ Dassault Group ընկերության ռազմավարության եւ զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի հետ:
Dassault Group-ը եւ, մասնավորապես, Dassault Aviation-ը միջազգային հեղինակավոր այս ավիասալոնում ներկայացնում է ընկերության ռազմական եւ բիզնես դասի ինքնաթիռները:
Նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն զրուցել են Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունների մասին: Անդրադարձ է եղել Dassault Group-ի կազմի մեջ մտնող՝ Dassault systemes ընկերության ներկայացուցիչների՝ վերջերս Հայաստան կատարած այցին եւ արդեն ուրվագծվող համագործակցությանը:
«Մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ կարեւոր են, մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Հուսով ենք՝ Dassault systemes-ը, միգուցե նաեւ՝ Dassault Aviation-ը Հայաստանի հետ համատեղ աշխատանքներ կիրականացնեն»,-ասել է Օլիվիե Դասոն:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամության եւ համագործակցության պատրաստակամության համար. «Նախ եւ առաջ ակնկալում եմ, որ Dassault systemes-ի հետ հետազոտական կենտրոն կունենանք Հայաստանում, որը ներդրումներ կիրականացնի արհեստական բանականության, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Եվ այս ամենի շնորհիվ Dassault Group-ն ու Հայաստանը երկարաժամկետ գործընկերներ կդառնան»:
Այնուհետեւ նախագահ Սարգսյանն ու Օլիվիե Դասոն շրջայց են կատարել ավիասալոնի տարածքում, ծանոթացել Dassault Aviation-ի ներկայացրած մոդելներին եւ դրանց տեխնիկական հնարավորություններին: