14:38 | 17.06.19 | Նորություններ | 3084

ՏՏ ոլորտի մասնագետները մրցել են սեղանի թենիսի մրցաշարում

Հունիսի 15-16-ին «Դինամո» մարզադահլիճում առաջին անգամ անցկացվեց Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների սեղանի թենիսի առաջնությունը:

Կանանց եւ տղամարդկանց միջեւ անցկացված առաջնությանը իրենց ուժերը չափեցին 43 մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Սինոփսիս, Սինապտիքս, Սիներջի, ՍոֆտԿոնստրակտ, Պիկսարտ, ՎիԵմՎիԵր , EGS եւ Բենիվո ընկերությունները:

Կանանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Տաթեւիկ Մելիքյանը (ՍոֆտԿոնստրակտ), երկրորդը` Լիանա Խաչատրյանն էր (Սինոփսիս), իսկ երրորդ տեղը բաժին ընկավ Լիլիթ Ենոքյանին (ՍոֆտԿոնստրակտ):

Տղամարդկանց առաջնության արդյունքներով պատվանդանի բոլոր երեք տեղերը զբաղեցրեցին Սինոթսիսի ներկայացուցիչները, որոնցից առաջին տեղը բաժին հասավ Նարեկ Խաչատրյանին: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Ռուբեն Գաղուկյանը եւ Արսեն Մոմջյանը:

Մրցույթին ներկա էր Հայաստանի Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանը, ով մասնակցեց հաղթողների պարգեւատրմանը, հանձնելով մեդալներ եւ մրցանակներ: Նա իր երախտագիտությունը հայտնեց մարզաձեւի մասսայականացմանն ուղղված ջանքերի համար:

«Ես ուրախ եմ, որ իմ մարզաձեւը զարգանում է, թեկուզ եւ սիրողական մակարդակով», - նշեց ֆեդերացիայի նախագահը:

Նա նաեւ հույս հայտնեց, որ նման միջոցառումները կնպաստեն սեղանի թենիսի մասսայականացմանը եւ սպորտաձեւի հետագա զարգացմանը:

Առաջնության գլխավոր մրցավար Արթուր Պողոսյանի խոսքով, մասնակիցները հանդես եկան շատ բարձր խաղային մակարդակով, ցուցադրելով պրոֆեսիոնալ թենիսիստներին հատուկ խաղաոճ եւ տեխնիկա:

Մրցույթի նախաձեռնող եւ կազմակերպիչ, «Բենիվո» ընկերության որակի ապահովման թիմի ղեկավար Քրիստինա Ֆիլիպյանի կարծիքով, սպորտաձեւի մասսայականացումը կհանգեցնի միայն դրական արդյունքների: Նրա խոսքով, մինչ օրս ՏՏ ոլորտում կազմակերպվում էր ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցում էին ընկերությունների տղամարդկանց թիմերը, իսկ այս միջոցառումը թույլ տվեց ներգրավել նաեւ ոլորտի կանանց:

Կազմակերպիչները մտադիր են շարունակական դարձնել այս նախաձեռնությունը, նման մրցույթներ կազմակերպելով տարեկան 1-2 անգամ: Հաջորդ մրցույթը կլինի խմբակային եւ կանցկացվի աշնանը: