17:41 | 12.06.19 | Նորություններ | 2824

ՀՀ տեխնո զարգացման ուղիները հետազոտող խումբը ներկայացրել է հետազոտության արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբի անդամներին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՀԱՀ նորընտիր նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը, Հայաստանի տեխնոլոգիական ուսումնասիրության ծրագրի գործադիր տնօրեն Արթուր Խալաթյանը եւ այլք:

Վարչապետը բարձր է գնահատել հետազոտական խմբի գործունեությունը եւ նշել, որ ՀՀ կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը տեխնոլոգիական տնտեսության զարգացումն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ կադրերի պատրաստման ուղղությամբ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը եւ հավելել, որ գործադիրի ուշադրության կենտրոնում է բարձրորակ կրթական համակարգի կայացման խնդիրը: Նա հավելել է, որ այդ նպատակով ոլորտում իրականացվելու են համալիր բարեփոխումներ:

Միջազգային հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական եւ տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական ընկերությունների մրցունակության բարձրացման, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման հնարավորություններին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն էլ հյուրերը հայտնել են, որ մտադիր են Հայաստանի ՏՏ ոլորտում ծրագրեր իրականացնել եւ ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր փորձառությամբ կաջակցի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի կրթական եւ տեխնոլոգիական զարգացումն ու նորարարություններն իր համար առաջնահերթ հարցերից են, ուստի պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ ոլորտներում իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին: Նա ընդգծել է, որ ցանկացած հասարակության զարգացման հիմքում որակյալ կրթությունն է՝ կարեւոր ու առանցքային համարելով, որ այն ունենա պետության ապագային միտված հստակ տեսլական, ռազմավարություն եւ դրանից բխող ծրագիր: