16:14 | 07.05.19 | Նորություններ | 2406

ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլեի գլխավորած պատվիրակությանը։

Խոսելով տնտեսության զարգացման եւ առաջընթացին միտված ՀՀ կառավարության առաջնահերթություններից՝ նախարարն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում այդ ոլորտի զարգացմանը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հայ մասնագետների ընդունակություններն ու կարողությունները արհեստական բանականության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի եւ այլ ոլորտներում:

Դեյվիդ Միլեն, շնորհակալություն հայտնելով հանգամանորեն ներկայացնելու համար, նշել է, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով եւ պատրաստակամ են համագործակցել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով գործակցության հնարավորությունները, աշխատանքային մեխանիզմներն ու համատեղ մոտեցումները։

Անդրադարձ է եղել նաեւ հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը ամերիկյան ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարեւորությունը։