14:34 | 27.04.19 | Նորություններ | 9770
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորական խմբի մասնակցությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացրել են ավանդական դարձած ծաղկահավաք:
Աշխատանքները շարունակվելու են նաեւ ապրիլի 28-ին:
Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին երկրորդ կյանք հաղորդելու խորհուրդը եւ բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի համալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են. ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից, ցողուններից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:
Ծաղկահավաքին մասնակցել են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, աշակերտներ եւ ուսանողներ, դեսպաններ, պաշտոնյաներ: