12:58 | 04.04.19 | Նորություններ | 2657

Թումո Երեւանն ընդլայնվում է. կենտրոնում 15 հազ. պատանի կսովորի

Թումո Երեւանն անցնում է ամենօրյա աշխատանքային ժամանակացույցի՝ ուսանողների թիվը ընդլայնելով ներկայիս 10,000-ից մինչեւ 15,000։

Այս քայլով Թումոյում սովորելու սպասման ցուցակում գտնվող 5,000 պատանի մայիսից կսկսի հաճախել կենտրոն, իսկ 15-18 տարեկան երիտասարդները կկարողանան գրանցվել արտահերթ, հայտնել են կենտրոնից:

«Ամենօրյա ծրագրի ներդնումը մեզ հնարավորություն է տալիս եւս մեկ քայլով մոտենալու մեր գլխավոր նպատակին` Հայաստանի եւ Արցախի բոլոր պատանիների համար է՛լ ավելի հասանելի դարձնել Թումոյի ծրագիրը: Այժմ դա տեղի է ունենում Երեւանում, սակայն մենք հետամուտ ենք լինելու ավելացնել ուսանողների թիվը բոլոր Թումո քաղաքներում, ինչպես նաեւ ընդլայնել կենտրոնի հայաստանյան եւ արցախյան աշխարհագրությունը: Մեր առաքելություն է ստեղծել լայն մտահորիզոններով երիտասարդ սերունդ, որն ազատորեն կկողմնորոշվի ժամանակակից մասնագիտական շուկայում եւ մրցունակ կլինի», - ասել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Գրանցվելու, ինչպես նաեւ հավելյալ հարցերի պատասխաններ ստանալու համար պետք է զանգահարել 010 39 84 13 հեռախոսահամարով եւ հետեւել ձայնային հրահանգներին: