15:19 | 28.03.19 | Նորություններ | 9007

Մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ շրջափուլը

Այսօր Երեւանում մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ ինկուբացիոն շրջափուլը, որին մասնակցում է 5 ստարտափ:

Նոր ձեւաչափով շրջափուլն իրականացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ շրջափուլի ավարտին ընտրված 5 ստարտափներից լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:

«Գրեթե մեկ տարի աշխատելուց հետո մեր ինկուբատորը բավականին լուրջ արդյունքներ ցույց տվեց, մեզ մոտ ուսուցում անցած ստարտափները շոշափելի արդյունքների հասան, բայց մենք էլ նույն տեղում չմնացինք։ Այսօր ուրախ եմ հայտարարել, որ մեր նոր գործընկեր BANA-ի հետ մենք մեկ քայլ առաջ արեցինք, եւ այսուհետ մեր ստարտափների համար ներդրում ստանալն ու իրական ներդրողների հետ մշտական կապի մեջ լինելը դարձրեցինք ավելի իրատեսական»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Հրեշտակ ներդրողների եւ ստարտափների գործակցությունը զարգացած երկրներում տարածված եւ հաջողված աշխատանքի մեթոդ է։ Beeline ստարտափ ինկուբատորի նոր ձեւաչափը Բիզնես հրեշտակների ցանցի հետ հավակնում է բեկումնային ծրագիր դառնալ ստարտափների եւ ներդրողների համար: Յուրաքանչյուր շրջափուլի ավարտին նախատեսում ենք ներդրումներ կազմակերպել: Ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը կիրառելի դարձնել Հայաստանում մեր ստարտափների համար», - ասել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:

Business Angel Network of Armenia-ն գործարար-ներդրողների միավորում է, ովքեր ֆինանսական միջոցներից բացի ստարտափ թիմերին եւ սկսնակ ձեռնարկատերերին սովորեցնում են, մասնավորապես, բիզնեսի ռազմավարության մշակել, պոտենցիալ հաճախորդների ներգրավել: 2017թ. գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափում:

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տեւողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման եւ թիմի ձեւավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաեւ ուսումնասիրում են նաեւ իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման եւ գումարների ներգրավման հետ կապված հարցեր։