14:27 | 01.03.19 | Հարցազրույցներ | exclusive 50319

Ռոբերտ Բասսիլին՝ բանտից դեպի բիզնես գաղտնիքների մասին

Ավստրալահայ ներդրող եւ գործարար Ռոբերտ Բասսիլին, որի կարողությունն, ըստ տեղեկությունների, $93 մլն է, Ramsis Capital LLC ընկերության հիմնադիրն ու նախագահն է: Ընկերությունը ներդրումներ է կատարում Ուկրաինայում, Եգիպտոսում եւ Չինաստանում:

Իր գործունեությունը Ավստրալիայում սկսած Բասսիլին 2007թ. ձերբակալվել է Ինտերպոլի կողմից Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում` Ավստրալիայի կառավարության խնդրանքով` ներդրողներին $175 հազ. ապակողմնորոշման մեղադրանքով: Արդյունքում, նա 2 տարի անցկացրել է Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի խստացված ռեժիմի բանտում:

Վերջին տարիներին Ուկրաինայում հաստատված Բասսիլին առաջին անգամ Հայաստան է այցելել 2018թ. փետրվարին: Հույն հայր եւ հայ մայր ունեցող գործարարն այս օրերին նորից Հայաստանում է եւ մտադիր է 3 ամիս աշխատել այստեղից, քանի որ ցանկանում է Հայաստանում մի շարք լուրջ ներդրումներ կատարել:

Itel.am-ը ներկայացնում է նրա հետ հարցազրույցի ուշագրավ հատվածները:

Բանտային տարիները՝ մրցակցային առավելություն

2 տարի եմ անցկացնել խիստ ռեժիմով բանտում եւ բազմաթիվ դասեր եմ քաղել այդ մութ ժամանակներից: Ամենամեծ դասերից էր հարաբերությունների կառուցման կարեւորությունը: Հարաբերություններն ամեն ինչ են՝ դրանք օգնում են քեզ շատ գումար ստանալ, բայց որ ամենակարեւորն է, փրկում են քո կյանքը:

Մյուս դասը համբերության կարեւորությունն է, սրա մասին չի խոսվում, բայց բիզնեսում համբերությունը ամենակարեւոր բաղադրիչներից է:

Երրորդն այն է, որ ինչպես բանտը, այնպես էլ բիզնեսը մեկ մեծ մանիպուլյացիա է, եւ հենց սովորում ես խաղի կանոնները, դա արդեն ընդհանրապես խաղ չէ, եւ կարող ես սկսել զարգացնել քո բիզնեսը: Արդյունքում՝ բանտում անցկացրած տարիներն իմ մրցակցային առավելությունն է այլ ներդրողների եւ գործարարների հանդեպ՝ Ուկրաինայում, Եգիպտոսում, Հայաստանում եւ այլ երկրներում:

Ներդրումներ միայն կայացած եւ ձախողած բիզնեսներում

Մինչեւ Հայաստան գալը տեւական ժամանակ հետազոտել եմ երկրի բիզնես պայմանները: Պետք է նշեմ, որ տպավորված եմ Հայաստանում առկա ինտելեկտի բարձր մակարդակով: Վերջին 12 ամիսների ընթացքում սա իմ 6-րդ այցն է Հայաստան:

photo © Անձնական արխիվից

Ես ներդրումներ եմ կատարում արդեն կայացած բիզնեսներում, որոնք հիմնաքարային խնդիր են ունեցել՝ ֆինանսական, ռազմավարական կամ էլ կապված մարդկային կապիտալի հետ, մի խոսքով՝ ձախողել են: Ձախողած բիզնես ունեցող մարդու հետ աշխատելիս կարող ես հասկանալ, թե տվյալ մարդը ինչպես է կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից: Իսկ այն մարդը, որը երբեք չի ձախողել, չի կարող հասկանալ, թե իրականում ձախողումն ինչ է:

Ներդրում կատարելուց հետո փորձում եմ վերակառուցել այն բիզնեսը, որտեղ ներդրում եմ կատարել:

Հայաստանում ստարտափների մենթորության պակաս կա

Չնայած ստարտափներում ներդրում չեմ կատարում, սակայն մենթորության մեծ կողմնակից եմ:

Վերջին ամիսներին բավական ժամանակ եմ անցկացնում հայկական ստարտափ համայնքի հետ: Մի քանի ստարտափների խորհրդատու եմ:

Կարծում եմ՝ Հայաստանում մենթորության, որը էկոհամակարգի կարեւոր բաղադրիչ է, պակաս կա: Մենթորությունն ինձ համար հետեւյալ իրավիճակն է՝ մենք ավարտում ենք աշխատել երեկոյան 10-ին եւ պլանավորում հանդիպել հաջորդ առավոտ՝ շարունակելու համար: Հետո այդ ստարտափի հիմնադիրն ինձ ասում է՝ Ռոբերտ, ես հոգնած եմ, արի ոչ թե վաղը հանդիպենք, այլ մյուս օրը: Իրական մենթորը կպատասխանի՝ դու ծույլ ես, եւ, այնուամենայնիվ, մենք պետք է վաղը հանդիպենք եւ շարունակենք միասին աշխատել:

Հայաստանում գործող հեռանկարային ստարտափներից կարող եմ նշել Magic Cup-ը, որը «Սեւան Ստարտափ Սամմիթ» 2018-ի հաղթողներից էր: Ստարտափի ներկայացրած բաժակը կարող է տաքացնել կամ սառեցնել պարունակությունը՝ անվնաս քիմիական ռեակցիաների միջոցով։ Այսօր մենթորություն եմ տրամադրում այդ ստարտափին:

Բիզնեսում մոնոպոլիան վատ բան չէ

Ներդրում կատարելուց առաջ ունեմ մի քանի կետեր, որոնցով առաջնորդվում եմ: Պետք է գտնեմ բիզնես, որն ունի հիմնաքարային խնդիր: Ապա պետք է վստահ լինեմ, որ այդ բիզնեսը վերակառուցելու միջոցով կարող եմ այն դարձնել շուկայի առաջատար, մոնոպոլիստ:

Չեմ կարծում, որ բիզնեսում մոնոպոլիան վատ բան է: Իրականում, որպես գործարար, բոլորն էլ ցանկանում են մոնոպոլիստ լինել: Չես ցանկանում որեւէ մեկի հետ մրցակցության մեջ գտնվել: Իմ կատարած բոլոր հաջողակ ներդրումները մոնոպոլիաներ են: Եվ ընդհանրապես, աշխարհում հաջողակ բիզնեսների մեծ մասը մոնոպոլիաներ են:

Հայաստանում ներկայում տեսնում եմ շատ բիզնեսներ, որոնք իրականում կարիք չունեն ներդրման, նրանց այս պահին ավելի շատ հաճախորդների հետ կապեր են անհրաժեշտ:

Հայաստանին պետք են արտերկրից անհատ ներդրողներ

Հայաստանում հեղափոխությունից հետո հաստատված դեմոկրատիան դրական երեւույթ է, բայց այն բավարար չէ ներդրումներ եւ բարգավաճում Հայաստան բերելու համար:

photo © Անձնական արխիվից

Երկիր գումարներ գալիս են ինստիտուցիոնալ ներդրողների կողմից, ինչպես Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, բայց, իմ կարծիքով, Հայաստանն ունի արտերկրից եկող անհատ ներդրողների պակաս: Այստեղ է, որ կառավարությունը իսկապես պետք է գործի: Նման ներդրողները կարեւոր են Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, իսկ յուրաքանչյուր առողջ դեմոկրատիա փոքր եւ միջին բիզնեսում առողջ ներդրումների կարիք ունի:

Ներդրում ստանալը տոնելու առիթ չէ

Հայաստանում հանդիպել եմ բազմաթիվ իսկապես տաղանդավոր մարդկանց: Բայց նրանց մեջ եղել են շատերը, որոնք չափազանց շատ են կենտրոնանում գաղափարի վրա եւ գերագնահատում են իրենց գաղափարը: Միաժամանակ, նրանք թերագնահատում են կատարումը, որն ամենակարեւոր բաներից է:

Եւս մեկ բան, որ ինձ զարմացնում է այստեղ այն է, որ երբ ինչ-որ մեկը Հայաստանում ներդրում է ստանում, սկսում է տոնել դա: Իսկ ես չեմ հասկանում, թե ինչն են տոնում: Մի՞թե այն, որ դուք այլ մարդուց գումար եք վերցնում, չի փաստում, որ դուք այդքան էլ լավ ձեռներեց չեք: Միգուցե սրանք ռադիկալ մտքեր են, բայց սա է ճշմարտությունը:

Երբ ես ներդրում եմ կատարում որեւէ բիզնեսում եւ դրա հիմնադիրները ցանկանում են տոնել այդ փաստը, ես հրաժարվում եմ տոնել նրանց հետ:

Կարծում եմ, ներդրումները պետք են, գումարը պետք է, բայց դա պետք է անել ճիշտ ժամանակին:

Լավ թիմի եւ պատասխանատվության մասին

Մարդիկ ամենաարժեքավոր ակտիվն են, եւ ես դրան իսկապես հավատում եմ: Եթե շատ ուզես, վերջիվերջո կգտնես $1 մլն ներդրում քո ստարտափի համար, բայց այ լավ թիմ գտնելը տարիներ կարող է տեւել: Սա ինձ համար ամենակարեւոր խնդիրն է այսօր:

Հայաստանում այսօր կան հիանալի գաղափարներ եւ մարդկային ռեսուրսներ, բայց երիտասարդները չունեն պատասխանատվության զգացում: Իսկ պատասխանատվությունը սկսում է հանդիպմանը ճիշտ ժամանակին ներկայանալուց:

Ռոբերտ Բասսիլիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը