10:01 | 19.02.19 | Նորություններ | 4075

Կապի խոշոր օպերատորները 2018թ. կրճատել են հարկերը

ՀՀ կապի երեք օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline-ը եւ Ucom-ը, 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են վճարել 19,6 մլրդ դրամի հարկ, ինչը 17,6%-ով զիջում է անցած տարվա ցուցանիշին:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2018թ. պետբյուջե է վճարել 8 816,8 մլն դրամի հարկ, ինչը 3,3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Խոշորագույն հարկատուների ցանկում «ՄՏՍ Հայաստան»-ն 2018թ. տվյալներով զբաղեցրել է 13-րդ տեղը՝ պահպանելով 2017թ. իր դիրքը:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 6 134,1 մլն դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերն աճել են 2,4%-ով, մինչդեռ այն ընդհանուր հարկատուների ցուցակում 19-րդից դարձրել է 21-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերությունը (նախկինում՝ «Արմենիա տելեֆոն կոմպանի») (34-րդ՝ 14-րդի փոխարեն), որը, ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 4 693 մլրդ դրամ հարկ, ինչը 46,3%-ով զիջում է 2017թ. ցուցանիշը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (128-րդ տեղ, 1292 մլն դրամ, աճ՝ 46,7%):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 926,8 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 14.8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: