15:53 | 29.01.19 | Նորություններ | 2476

Երիտասարդ հայ ձեռներեցը միջազգային մրցույթի եզրափակչում է

«Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի հայաստանյան մասնակից Նելլի Դավթյանը ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի «Լավագույն ձեռներեց» մրցանակաբաշխության եզրափակիչ անցած 3 ձեռներեցներից մեկն է:

Մրցույթին մասնակցել են 10 տարվա ընթացքում ծրագրի շահառու հարյուրավոր ձեռներեցներ աշխարհի 36 երկրից։

Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի արդյունքը կհայտարարվի մարտի 18-ին՝ Բրյուսելում, որտեղ առցանց քվեարկության արդյունքում կորոշվեն առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած ձեռներեցները:

Նելլի Դավթյանը «Այ Թի Սոլուշնս» (Անտիկ Արթ ՍՊԸ) ընկերության հիմնադիր տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է ծրագրավորման ծառայությունների մատուցմամբ: 2018թ. Նելլի Դավթյանը «Էրասմուս Երիտասարդ Ձեռնարկատերերի համար» ծրագրի շրջանակում 3 ամսով մեկնել է Մալթա՝ փորձի փոխանակման նպատակով։

Ներկայում «Այ Թի Սոլուշնսը» համագործակցում է Մալթայի մի շարք առաջատար ՏՏ ընկերությունների հետ, մշակում է էլեկտրոնային ուսուցման ծրագրեր, որոնցից մեկը կարող է ծառայել ՀՀ կրթական ոլորտի բարելավմանը։

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Հայաստանում «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի միակ միջնորդ կազմակերպությունն է: Ծրագիրը հասանելի է հայաստանյան ձեռնարկատերերի համար 2017-ից եւ կտեւի մինչեւ 2022թ.: