14:42 | 25.01.19 | Նորություններ | 7582

HyeTech EIP. հայկական 13 ստարտափ կմեկնի Սիլիկոնյան հովիտ

Փետրվարի 15-24-ը Լոս Անջելեսում եւ Սիլիկոնյան Հովտում հայկական 13 ստարտափներ կմասնակցեն HyeTech Entrepreneur Immersion Program 2019 (HyeTech EIP) ծրագրին:

Հայկական ստարտափների հիմնադիրները հնարավորություն կունենան 10 օրերի ընթացքում ծանոթանալ ոլորտի ամենաարդիական եւ օգտակար նորամուծություններին, Սիլիկոնյան հովտի տեխնո մշակույթին ու միտումներին։

Ծրագրին մասնակցելու համար դիմել է 52 թիմ: Ընտրված 13 ստարտափներից 3-ի հիմնադիրները կանայք են:

HyeTech 2016 HyeTech 2016

HyeTech EIP-ի նպատակն է օգնել ձեռներեցներին ներգրավվել Սիլիկոնյան հովտում եւ ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ, բացահայտել ՏՏ ոլորտի ազդեցիկ մասնագետներին եւ գործարար առաջնորդներին, ինչպես նաեւ մրցակիցներին, գործընկերներին ու պոտենցիալ հաճախորդներին:

Ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Առաջինն անցկացվել է 2016թ. ապրիլին՝ մասնակիցներին տրամադրելով փորձի ու գիտելիքների մեծ պաշար:

Կազմակերպիչների խոսքով, վերջին երկու տարիներին Հայաստանում ստարտափների թվի աննախադեպ աճը պատճառ դարձավ, որպեսզի SmartGateVC-ն եւ Globally-ն համատեղ նորից իրականացնեն ծրագիրը:

Թիմերի համար ծրագրին մասնակցելու պահանջներից մեկը մինչեւ $500 հազ. ներդրում ստացած լինելն էր։

Ծրագրով նախատեսված են Սիլիկոնյան հովտում եւ Լոս Անջելեսում հանդիպումներ հաջողակ ձեռնարկատերերի ու ներդրողների հետ: Մասնակիցները կարող են դեմ առ դեմ խորհրդատվություն ստանալ եւ բիզնեսի ոլորտում հետաքրքրող թեմաներ քննարկել նրանց հետ:

HyeTech 2016 HyeTech 2016

Ընտրված ստարտափների հիմնադիրները կկարողանան այցելել տարբեր աքսելերատորներ եւ ներդրող ընկերություններ, պատկերացում կազմել վերջիններիս ներդրումային ակնկալիքների եւ շուկայում սպասվող փոփոխությունների մասին:

Ծրագրի ավարտին մասնակից ստարտափների միջեւ տեղի կունենա փիչերի մրցույթ։

HyeTech EIP 2019-ի հովանավորներն են HIVE Ventures, Teamable, EarlyOne, SmartClick, SFL, Soft Construct ընկերություններն ու մի շարք անհատներ, որոնք կատարել են անձնական ներդրումներ։