11:42 | 08.01.19 | Նորություններ | 16969

Ucom-ը հայտարարում է անհավասար մրցակցային պայմանների մասին

2018 թ. դեկտեմբերի 30-ին Ucom ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր ցանկանում ենք հանրայնացնել «Յուքոմ» հայկական ընկերությանը հուզող մի խնդիր, որի մասին ինքներս ցավով ենք տեղեկացել։ Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մեր գնահատմամբ՝ կողմնակալ վերաբերմունքի դրսեւորման մասին է, որի արդյունքում որոշումները հարմարեցվում են շարժական կապի շուկայի 60%-ից ավելիին տիրապետող կապի օպերատորին։

Մանրամասնենք՝ ՀԾԿՀ-ն սույն թվականի դեկտեմբերի 12-ին 811-821ՄՀց եւ 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթ է հայտարարել եւ, ըստ մեզ, պարտավոր էր նույն պայմանները (մասնավորապես՝ մեկնարկային գին) սահմանել, որոնք սահմանել էր 2013թ.-ին նույնպիսի կապի որակ ընձեռող ռադիոհաճախականության (LTE +) օգտագործման թույլտվության մրցույթի ժամանակ, որին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է եւ ձեռք է բերել այդ թույլտվությունը՝ դրա դիմաց վճարելով 6,225 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, այդ թույլտվությունը «Յուքոմ»-ին տրվել է բացառապես տվյալների փոխանցման ծառայություններ մատուցելու սահմանափակմամբ (առանց ձայնային ծառայությունների)։

Չունենալով նշյալ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը՝ «ՄՏՍ Հայաստան»-ն այս տարվա ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով՝ համապատասխան ռադիոհաճախականություններով (LTE+) աշխատող ցանց է կառուցել (ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ եւ տեղադրել), ըստ երեւույթին, վստահ լինելով մրցույթի՝ իրենց համար հաղթական արդյունքի վրա։

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միեւնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել 6,225 մլրդ ՀՀ դրամ, իսկ մյուսի համար այն քառապատիկ անգամ իջեցնել՝ հասցնելով մինչեւ 1,5 մլրդ ՀՀ դրամ։ Այսօր, պետական բյուջեի միջոցների սղության պայմաններում, երբ յուրաքանչյուր լուման կարեւոր է երկրի տնտեսության առողջացման համար, ՀԾԿՀ-ն մի քանի միլիարդ դրամով ցածր գին է սահմանել միեւնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար։ «Յուքոմ» ընկերությունը գտնում է, որ այդպիսով «ՄՏՍ Հայաստանը» փորձում է շարժական կապի բարձր արագությունների (LTE+) շուկա մտնել անհավասար մրցակցային պայմաններով»: