11:15 | 01.12.18 | Նորություններ | 6607

Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել վարպետության դասով

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Եվրասիա միջազգային համալսարանում անցկացրել է «Բիզնեսը եւ ռազմավարական որոշումները. ճիշտ որոշումներ ընդունելու գաղտնիքները» թեմայով վարպետության դաս։
 
Վարպետության դասի ընթացքում նա լսարանին ներկայացրել է ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քայլերը՝ թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ հաշվի առնել եւ ինչպես խուսափել առավել հաճախ հանդիպող սխալներից։

««Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հետ մեր երկկողմանի համագործակցությունը նոր չէ. այն ունի ավելի քան 15 տարվա պատմություն։ Եվրասիա միջազգային համալսարանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցային կապը ամբողջությամբ լավագույնս ապահովվում է  «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության կողմից։ Մեր շրջանավարտներից շատերը աշխատանքի են անցել  այս ընկերությունում եւ աչքի են ընկնում իրենց մասնագիտական հմտություններով», - նշել է Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:  

«Այսօրվա արագ փոփոխվող դարաշրջանում շատ կարեւոր է արագ կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել, ինչի համար անհարժեշտ է օգտագործել ամեն րոպե եւ ամեն վայրկյան եւ զբաղվել ինքնակրթությամբ։ Ես ինքս օգտագործում եմ ամեն առիթ դա իրագործելու համար եւ նույն խորհուրդն եմ տալիս ձեզ, իսկ Beeline-ը մեծ ուշադրությամբ է մոտենում այս հարցերին եւ փորձում իր հնարավորի ներդրումն ունենալ երիտասարդության կյանքն ավելի լավը դարձնելու գործում», - ընդգծել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նոյեմբերի 30-ին Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդնել եւ զարգացնել նոր կրթական ծրագրեր։