15:34 | 06.11.18 | Նորություններ | 4267

Հակոբ Արշակյանն այցելել է Mentor Graphics-ի հայաստանյան գրասենյակ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Mentor Graphics ընկերության երեւանյան գրասենյակ։

Ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ է հիմնել 2008թ.՝ գնելով հայկական ծագմամբ «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը։ Հայաստանյան գրասենյակը տեղակայված է «Թումո»-ի շենքում եւ ունի 160 աշխատակից։

«Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիս»-ի գործադիր տնօրեն Իրինա Դումանյանը Հակոբ Արշակյանին է ներկայացրել ընկերության հիմնական առաջնահերթությունները, աշխատակիցների համար ստեղծված պայմանները, հայաստանյան բուհերի հետ համագործակցությամբ իրականացվող կրթական եւ հետազոտական ծրագրերը։

Նշվել է, որ ընկերությունը վերջին տարիներին սերտ գործակցում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, միջոցներ է տրամադրում ուսանողների ու պրոֆեսորների համատեղ հետազոտական աշխատանքների համար։ Համագործակցում են նաեւ Հայ-ռուսական համալսարանի հետ՝ ընկերության աշխատակիցները պարբերաբար մասնագիտական թեմաներով դասախոսություններ են կազմակերպում։ Ընկերությունն աշխատում է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ։

Իրինա Դումանյանի խոսքով, իրենց աշխատակիցների 37 տոկոսը կանայք են, ինչն այլ երկրների մասնաճյուղերի համեմատ ռեկորդային ցուցանիշ է։

Հակոբ Արշակյանն իր խոսքում ընդգծել է, որ քայլեր են իրականացվում Հայաստանի` որպես տեխնոլոգիական երկրի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ եւ ցանկալի է, որ այդ գործընթացին մասնակցեն նաեւ գործող ընկերությունները։

Անդրադառնալով կառավարության կողմից տեխնոլոգիական ընկերությունների աճին նպաստելու քաղաքականությանը` նա նշել է, որ լավագույն աջակցությունը բուհերից դուրս եկող կադրերի որակի բարձրացումն է, ինչին կարող է նպաստել կառավարության կողմից մասնավոր ընկերություններ-կրթական հաստատություններ արդյունավետ համագործակցության համակարգումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ 2019թ. Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ին Siemens AG ընկերության գլխավոր տնօրեն Ջո Կայզերի մասնակցության հնարավորությունը:

Ամերիկյան Mentor Graphics կորպորացիան աշխարհի առաջատարներից է՝ էլեկտրոնիկայի եւ ծրագրային ապահովման լուծումների ուղղությամբ: 2016թ. Siemens AG ընկերությունը գնել է Mentor Graphics-ը, սակայն ընկերությունը շարունակում է պրոդուկտները ներկայացնել իր անվանումով ու բրենդով։