11:06 | 24.10.18 | Նորություններ | 2668
ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Բելառուսի կապի եւ տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանի եւ Ղազախստանի Ինֆորմացիայի եւ հեռահաղորդակցության փոխնախարար Դարին Տույակովի հետ այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին շրջայցի ընթացքում ուղեկցել են «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն ու «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։
Նախարարները շրջել են գրասենյակային տարածքով, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող աշխատանքների ուղղություններին։ Ներկայացվել է նաեւ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի աշխատանքը։
Ընկերությունը մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնում է դասընթացներ` պատրաստելով միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Ներկայում «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների 45 տոկոսը հենց այս կրթական դեպարտամենտի շրջանավարտներն են: Ընկերության մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է աշխարհի շուրջ 1000 համալսարաններում:
Այնուհետեւ հյուրերն այցելել են Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք:
YEA Engineering-ը մատուցում է ամբողջական ինժեներական ծառայություններ՝ նախագծումից մինչեւ արտադրություն, այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մեքենաշինությունը, արդյունաբերական իրերի ինտերնետը (IIoT), անլար կապի համակարգերն ու կիսահաղորդիչների թեստավորումը:
Հյուրերը շրջել են նաեւ «National Instruments Armenia»-ի գրասենյակում: Ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը պատմել է մինչեւ այժմ ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերի մասին, ցուցադրել Դեմո սենյակը:
Ընկերությունը համագործակցում է նաեւ ուսումնական հաստատությունների հետ ամբողջ աշխարհում: «NI Հայաստանի» կրթական լաբորատորիաներն ու ստենդերը վաճառվել են բազմաթիվ երկրների մի շարք համալսարաններին, սակայն, ընկերության տնօրենի խոսքով, բարձր մակարդակի համագործակցություն դեռ չկա:
Հանդիպման ընթացքում հյուրերը քննարկել են նաեւ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ակտիվացման հնարավորությունները: