Արսեն Քդենյանը եւ Սերգեյ Առաքելյանը
12:46 | 22.10.18 | Նորություններ | 3569
IDBank-ի եւ Idram համակարգի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան մեկ միասնական թվային հարթակի միջոցով օգտվել բոլոր ֆինանսական փաթեթներից:
Երկու ընկերությունների համատեղ նոր նախագծի գործարկման մասին հայտարարվել է Galactic City խորագրով միջոցառման ընթացքում:
Ինչպես տեղեկացրել են կազմակերպիչները, նոր թվային հարթակը հասանելի կլինի առաջիկա ամիսների ընթացքում. ամբողջ գործիքակազմը կներկայացվի փուլ առ փուլ:
Արսեն Քդենյանը եւ Սերգեյ Առաքելյանը
Բացի այդ, հավելվածի միջոցով հնարավոր կլինի Idram-ի գործընկերներից ստանալ առցանց վարկեր, կատարել վարկային պարտավորությունները եւ բանկային հաշիվներին փոխանցել դրամական միջոցներ, գործընկեր խանութներում եւ ռեստորաններում վճարումները կատարել QR-կոդով՝ ստանալով Cash back եւ այլ առավելություններ։
IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ աշխարհի զարգացած երկրներում նման համագործակցությունը՝ որպես նորարարություն, արդեն իր դրական արդյունքը բերել է գործընկեր կազմակերպություններին եւ նրանց օգտատերերին:
Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանն էլ նկատել է, որ այժմ եկել է նոր, որակյալ շուկայի ժամանակը, որը պիտի բավարարի եւ նույնիսկ կանխատեսի տեխնոլոգիական առաջընթացը գնահատող հաճախորդների պահանջները:
«Հուսով եմ՝ մեր օգտատերերը կգնահատեն նոր թվային հարթակի առավելությունները, քանի որ, բացի Idram-ի կողմից առաջարկվող ծառայություններից, նրանք հնարավորություն կունենան օգտվել նաեւ մոբայլ հավելվածից ու միասնական վեբ հարթակից։ Նախագծի առաջին գործընկեր բանկերից է IDBank-ը։ Համոզված ենք, որ գործընկեր կազմակերպությունները, լրացնելով մեկը մյուսի ծառայությունները, կտրամադրեն լավագույն գործիքակազմը»,- ասել է Արսեն Քդենյանը:
«Այնպես որ, սպասե՛ք նորությունների. մենք հերթով կներկայացնենք ծրագրի մանրամասներն ու ամբողջ գործիքակազմը: Շուտով մեր օգտատերերը կտեղեկանան, թե ինչպես է կոչվում հավելվածը եւ ինչ հնարավորություններ ունի այն»,- եզրափակել է նա:
Աստղիկ Իսկանդարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի