16:27 | 16.10.18 | Նորություններ | 3497

Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալլենը

65 տարեկանում քաղցկեղից մահացել է Microsoft-ի համահիմնադիր, ձեռնարկատեր Փոլ Ալլենը:

Ցավալի լուրը հաստատել է Ալլենին պատկանող Vulcan Inc. ընկերությունը:

«Խորը ափսոսանքով հայտնում ենք Փոլ Ալլենի՝ մեր հիմնադրի, տեխնո ոլորտի առաջատար գործչի, բարեգործի, բնության պաշտպանի, երաժշտի եւ արվեստի հովանավորի մահվան մասին: Այսօր մենք՝ Փոլի հետ աշխատողներս, կորստի աննկարագրելի զգացում ենք ապրում»,- նշել են ընկերությունում:

Մանկուց տարված լինելով էլեկտրոնիկայով, Ալլենը դպրոցական տարիներին Բիլ Գեյթսի հետ ծրագրավորման խմբակ է հաճախել:

1975թ. նրանք հիմնադրում են Microsoft-ը: Արդյունքում՝ Գեյթսը ստանում է ընկերության բաժնետոմսերի 64 տոկոսը, Ալլենը՝ 36 տոկոսը: 1983թ. հեռանալով ընկերությունից, Ալլենի մոտ հայտնաբերվում է քաղցկեղ, որն ավելի ուշ նահանջում է: Պահպանելով Microsoft-ում իր բաժնետոմսերի մի մասը եւ տնօրենների խորհրդում իր տեղը, Ալլենը սկսում է զբաղվել վենչուրային ներդրումներով եւ բարեգործությամբ:

Forbes-ը Ալլենի կարողությունը գնահատել է 20 մլրդ: Այդ ցուցանիշով նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը՝ խոսելով մանկության ընկերոջ մասին, շեշտել է, որ առանց նրա անհատական համակարգիչները գոյություն չէին ունենա:

Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան իր հերթին հավելել է.

«Որպես Microsoft-ի համահիմնադիր՝ Փոլ Ալլենը ստեղծում էր կախարդական պրոդուկտներ, կառույցներ եւ դրանով նա փոխեց աշխարհը»: