15:55 | 03.10.18 | Նորություններ | 4720

Inecomobile՝ բոլոր ֆինանսական ծառայությունները մեկ հավելվածում

Ինեկոբանկը, հանդիսանալով տարածաշրջանի առաջատար թվային բանկերից մեկը, ներկայացնում է արագ, հարմար եւ ապահով վճարումներ կատարելու InecoPay ժամանակակից լուծումը:

«Այն հնարավորություն է ընձեռում անկոնտակտ վճարումներ կատարել սմարթֆոնով՝ ընդամենը սքանավորելով վճարման կետում ներկայացվող QR կոդը։ InecoPay համակարգն ամբողջովին փոխում է ավանդական պատկերացումներն անկանխիկ վճարումների վերաբերյալ, ձեւավորում է վճարումներ կատարելու նոր մշակույթ եւ յուրահատուկ կենսաոճ, քանի որ անգամ կանխիկ գումարի բացակայության դեպքում հնարավոր է դառնում կազմակերպել ցանկացած տեսակի վճարում վաճառքի եւ սպասարկման տարբեր ոլորտներում` հանրային սննդի, ծառայությունների մատուցման, կենցաղային տեխնիկայի, հագուստի, առողջապահության եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:

InecoPay արագ վճարումների հնարավորությունն այժմ հասանելի է ոչ միայն Ինեկոբանկի հաճախորդներին, այլ նաեւ բոլոր նրանց, ովքեր ունեն ArCa, Visa, Master վճարային քարտեր։ Անհրաժեշտ է InecoMobile հավելվածին կցել վճարային քարտն ու կատարել InecoPay վճարում սմարթֆոնի միջոցով։

«Այժմ արդեն կարող ենք արձանագրել, որ Հայաստանում առաջին անգամ ունենք ամբողջական թվային բանկ, քանի որ Inecopay վճարային համակարգով մենք ամբողջականացնում ենք թվային ուղիներով հաճախորդներին մեր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ սկսած վճարումների սպասարկումից մինչեւ խնայողությունների ներգրավում եւ ֆինանսավորում իրական ժամանակային ռեժիմում»,- ասել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը՝ ներկայացնելով InecoPay վճարային լուծումը:

«Inecopay-ը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ՝ օգտագործելով միայն ձեր սմարթֆոնը: Այսինքն՝ այլեւս կարիք չկա մշտապես ձեռքի տակ ունենալ կանխիկ գումար կամ տարբեր բանկային քարտեր, ավելին՝ նույնիսկ եթե գնում կատարելու ժամանակ ձեր հաշիվներին առկա միջոցները բավարար չեն լինի, կարող եք ակնթարթորեն ստանալ վարկ եւ վճարել InecoPay-ի միջոցով»,- հավելել է նա:

Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը, առանձնացնելով վճարում ընդունողների համար Inecopay-ի առավելությունները, նշել է.

«Inecopay համակարգն արդյունավետ եւ հարմարավետ բիզնես լուծումներ է առաջարկում նաեւ վճարում ընդունողներին: Այն առանձնանում է համակարգին միանալու պարզությամբ: Կազմակերպությունից չի պահանջվում ունենալ հաշիվ Ինեկոբանկում, ցանկության դեպքում պարզապես պետք է հայտ ներկայացնել, ընդ որում՝ առանց բանկ ներկայանալու՝ online տարբերակով:  Inecopay-ի հաջորդ առավելությունն արագությունն է. վճարման գործընթացն իրականացվում է շատ կարճ ժամանակում»:

Արտյոմ Չիչյանն ընդգծել է, որ վճարում ընդունողները հավելյալ հնարավորություն են ստանում՝ ըստ անհրաժեշտության ավելացնել վճարի ընդունման անսահմանափակ կետեր՝ առանց բանկին դիմելու, տպում են QR-ը եւ ներկայացնում հաճախորդին: Ինչպես նաեւ Inecopay-ով վճարում կատարողը կարող է ըստ նախընտրության օգտվել իր խնայողություններից եւ հաշվի մնացորդներից՝ տեղում օպերատիվ կազմակերպելով գործարքը:

«Ինեկոբանկը ներդրել է մի համակարգ, որի շնորհիվ այսօր վարկ ստանալու գործընթացը դարձել է կոմունալ վճարում կատարելու նման պարզ: Եվ այսօր Ինեկոբանկը, զարգացնելով բանկային հեռահար գործիքները, դրանք միավորում է մեկ ապահով եւ անվտանգ միջավայրում»,- ասել է Ինեկոբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Նարեկ Բեժանյանը:

Խոսելով համակարգի անվտանգության մասին՝ Նարեկ Բեժանյանը նշել է, որ ժամանակակից սմարթֆոնները, որոնց միջոցով գործում է Inecopay-ը, թույլ են տալիս կիրառել անվտանգության բազմաթիվ գործիքներ՝ Touch ID-ից՝ մատնահետք, Face ID եւ այլն: Իսկ հեռախոսը կորցնելու դեպքում օգտատերն անձամբ կարող է համակարգչով արգելափակել իր հաշիվը:

Ինեկոբանկն այսօր Հայաստանում առաջին թվային բանկն է, որն ապահովում է ամբողջական թվային լուծումներ ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Միաժամանակ բանկը շարունակում է ներդնել եւ զարգացնել հարմար եւ ապահով բանկային թվային գործիքներ եւ համակարգեր՝ ապահովելով առավել հաճախորդամետ ծառայություններ: