16:09 | 24.09.18 | Նորություններ | 3433

Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի նախագահը կայցելի Հայաստան

Սեպտեմբերի 28-ին Երեւանում կկայանա Հայ-եվրոպական ներդրողների կոնֆերանսը, որին կմասնակցի նաեւ Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենը:

Բրիջիթ Բոումենը 2015թ. ճանաչվել է եվրոպացի լավագույն ներդրող։ Նա Եվրոպայի վենչուրային եւ ստարտափ էկոհամակարգի ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է Go Beyond Early Stage Investing ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Շվեյցարիայում։ Բրիջիթ Բոումենը խորհրդատվություն է տրամադրում գործարարներին եւ տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին։

Բրիջիթ Բոումենը կոնֆերանսին կմասնակցի Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի հրավերով:

Նշենք, որ կոնֆերանսն իրականացվում է եվրոպական ESIL ծրագրի շրջանակում՝ GIZ-ի, EU4Business-ի եւ GlobalAM ՀԿ-ի աջակցությամբ։ Մուտքը միայն անվանական հրավերով է, որը կարելի է ստանալ կազմակերպիչների հետ կապ հաստատելով:

Կոնֆերանսին ներկա կլինեն նաեւ ՀՀ Կառավարության մի շարք ներկայացուցիչներ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը եւ այլք: