16:11 | 19.09.18 | Նորություններ | 3708
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն, ի դեմս ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի, ներկայացնում է խորհուրդներ, որոնք թույլ կտան վերահսկել եւ պահպանել անձնական տվյալներն օնլայն տիրույթում:
1.Ստուգել գաղտնիության կարգավորումները սոցիալական ցանցերում
Օգտատերերը կամա թե ակամա սոցցանցերում պահում են բավական շատ տեղեկատվություն, եւ եթե նրանք օգտագործում են լռելյայն կարգավորումներ, ապա այդ տվյալների նշանակալի մասը կարող է տեսնել տառացիորեն ով ցանկանա։ Այդ պատճառով հարկ է անպայման ստուգել գաղտնիության կարգավորումները բոլոր սոցցանցերում։ Օգտատերը պետք է որոշի, թե ինչն արժե ցույց տալ բոլորին անխտիր, եւ ինչը կարող են տեսնել միայն նրա ընկերները։
2. Անձնական տվյալների համար չօգտագործել ընդհանուր հասանելիություն ունեցող պահոցներ
Ավելորդ տեղեկատվություն փոխանցել հնարավոր է ոչ միայն սոցիալական ցանցերի միջոցով: Օրինակ՝ չարժե գաղտնի տվյալները պահել տեղեկատվության փոխանակման համար նախատեսված առցանց ծառայություններում: Google Documents-ը լավագույն տեղը չէ գաղտնաբառերով ֆայլի համար, իսկ անձնագրի լուսապատճենները չարժե պահել Dropbox-ում (կարելի է, եթե դրանք նախապես տեղադրվեն ծածկագրված արխիվում)։
3. Պաշտպանվել վեբ-լրտեսումից
Երբ օգտատերը մտնում է կայք, բրաուզերը (դիտարկիչ) նրա մասին շատ հետաքրքիր բաներ է հաղորդում, օրինակ, թե ինչ կայքեր է նա այցելում։ Այդ տեղեկատվության օգնությամբ մարքեթինգի մասնագետները կազմում են օգտատիրոջ պրոֆիլը եւ նրան ցույց տալիս հասցեական գովազդ։ Ինկոգնիտո (ծպտյալ) ռեժիմն իրականում նման լրտեսումից չի պաշտպանում. դրա համար պետք է օգտագործել մասնագիտացված գործիքներ։
Համացանցում լրտեսումից խուսափելու համար կարելի է օգտագործել Kaspersky Internet Security-ի «Պաշտպանություն տվյալների հավաքագրումից» գործառույթը։
4. Չհայտնել բոլորին հիմնական էլեկտրոնային փոստը եւ հեռախոսահամարը
Ի՞նչ կլինի, եթե օգտատերը միշտ եւ ամենուր նշի իր էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը. տոննաներով սպամ փոստարկղում եւ հարյուրավոր ավտոմատ մուտքային զանգեր՝ ահա թե ինչ։ Նույնիսկ եթե անհրաժեշտ է լինում տալ կոնտակտային տվյալները համացանցային ծառայություններին եւ առցանց խանութներին, ապա չարժե դրանք տալ սոցիալական ցանցերում պատահական մարդկանց։ Էլ ավելի լավ է ստեղծել առանձին «աղբի» փոստարկղ, որն ափսոս չի լինի ջնջել։ Իդեալական տարբերակ է նաեւ նման դեպքերի համար առանձին հեռախոսահամար ունենալը։
5. Կիրառել միջանցիկ ծածկագրումով մեսենջերներ
Ժամանակակից մեսենջերների մեծամասնությունը կիրառում է ծածկագրում։ Բայց շատ մեսենջերներում հաղորդագրությունները ծածկագրվում են սերվեր փոխանցման ժամանակ, իսկ արդեն այնտեղ պահպանվում են ոչ ծածկագրված ձեւով։ Ի՞նչ կլինի, եթե ինչ-որ մեկը կոտրի նման սերվերը։ Թեկուզ եւ նման ռիսկն այնքան էլ մեծ չէ, ավելի լավ է իսպառ զերծ մնալ դրանից։
Դրա համար պետք է օգտվել միջանցիկ (end-to-end) ծածկագրումով մեսենջերներից։ Նման հավելվածներում նույնիսկ դրանք ստեղծողները չեն կարող կարդալ օգտատերերի խոսակցությունները. չէ որ ծածկագրի կոդն ունեն միայն օգտատերը եւ նրա զրուցակիցը։
6. Օգտագործել հուսալի գաղտնաբառեր
Թույլ գաղտնաբառով պաշտպանված տեղեկատվությունը կարող է հեշտ հասանելի լինել։ Իհարկե, օգտատերը գործնականում չի կարող հիշել բոլոր բազմաթիվ ծառայությունների եւ հավելվածների երկար ու չկրկնվող գաղտնաբառերը։ Այստեղ օգնության է գալիս գաղտնաբառերի մենեջերը. բավական է հիշել դրան հասանելիության միայն մեկ գաղտնաբառ, մնացած բոլոր գաղտնաբառերն այն կհիշի օգտատիրոջ փոխարեն։
7. Աչքի անցկացնել շարժական հավելվածների եւ բրաուզերների ընդլայնումների թույլտվությունները
Մոբայլ հավելվածները հաճախ կատարում են օգտատիրոջ սարքի կոնտակտներին եւ ֆայլերին հասանելիություն ստանալու, ֆոտոխցիկը, միկրոֆոնը, տեղորոշումը եւ այլ գործառույթները կիրառելու թույլտվության հարցում։ Որոշ հավելվածների դա իսկապես անհրաժեշտ է նորմալ աշխատելու համար, բայց ամենեւին ոչ բոլորին. շատ հավելվածներ ստացված տեղեկատվությունն օգտագործում են մարքեթինգային լրտեսման համար։
Բարեբախտաբար, հավելվածների իրավունքները հեշտությամբ վերահսկվում են։ Նույնը վերաբերում է նաեւ բրաուզերների ընդլայնումներին, որոնք, ցավոք, նույնպես հայտնի են իրենց լրտեսական հակումներով։
8. Պաշտպանել հեռախոսը եւ համակարգիչը գաղտնաբառերով եւ հասանելիության կոդերով
Պարտադիր չէ, որ համակարգչի արգելաբացման գաղտնաբառը լինի շատ բարդ. դրանով օգտատերը պաշտպանվում է ոչ այնքան կոտրանքից, որքան այլոց հետաքրքրասիրությունից։ Սմարթֆոնները հաճախ կորչում են, երբեմն դրանք գողանում են, այդ պատճառով ավելի լավ է լրացուցիչ վերաապահովագրվել եւ կիրառել վեցանիշ (կամ նույնիսկ ավելի երկար) PIN-կոդ, այլ ոչ թե քառանիշ, ինչպես լռելյայն առաջարկում է օպերացիոն համակարգը։ Մատնադրոշմի սքաները եւ դեմքի ճանաչումը նույնպես լավ գործիքներ են, սակայն նաեւ կենսաչափական տեխնոլոգիաներն ունեն սահմանափակումներ։
9. Անջատել ծանուցումները արգելափակման էկրանի վրա
Ենթադրենք, օգտատերը պաշտպանել է հեռախոսը երկար հուսալի PIN-կոդով, սակայն թույլատրել է, որ ծանուցումները հայտնվեն արգելափակման էկրանի վրա։ Այդ դեպքում ցանկացած անձ կարող է ծածուկ տեսնել, թե ինչ են գրում օգտատիրոջը։ Որպեսզի անձնական տեղեկատվությունը չհայտնվի արգելափակման էկրանի վրա, անհրաժեշտ է ճիշտ կարգավորել ծանուցումները։
10. Պահպանել զգուշությունը ընդհանուր հասանելի Wi-Fi ցանցերում
Հանրային Wi-Fi ցանցերը սովորաբար չեն ծածկագրում տրաֆիկը։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է ծածուկ տեսնել, թե ինչ է ուղարկում եւ ստանում օգտատերը՝ միանալով հասանելիության նույն կետին։ Ավելի լավ է հանրային ցանցերով չփոխանցել գաղտնի տեղեկություններ՝ մուտքանուններ, գաղտնաբառեր, վարկային քարտերի տվյալներ եւ նման տեղեկատվություն, ինչպես նաեւ օգտագործել VPN՝ տվյալների փոխանցումը ծածկագրելու եւ այն օտար աչքից պաշտպանելու համար։